Արմինֆո.ԵՄ խորհուրդը դեռեւս 2022 թվականին հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում` երկու ամիս ժամկետով Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ:
Վերջինս տեղակայվեց Հայաստանի արեւելյան սահմանի երկայնքով 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը: 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը երկրորդ որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն` վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով: Ավելին, 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ խորհուրդը որոշեց ընդլայնել քաղաքացիական առաքելության կազմը, ինչը հնարավորություն տվեց մեծացնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով առաքելության մշտադիտարկման կարողությունները: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի օրակարգում ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն էր:
«Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը: Հայկական կողմը մեծապես կարեւորում է ինչպես սույն, այնպես էլ Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները»,- նշել է Պարույր Հովհաննիսյանը, տեղեկացնելով, որ ԵՄ-ն մեկնարկ է տվել քաղաքացիական առաքելություններին 2003 թվականից ի վեր եվրոպական, աֆրիկյան, ասիական մի շարք երկրներում` գործարկելով 37 քաղաքացիական եւ ռազմական առաքելություններ: Ներկայում գործում է 21 առաքելություն` 12 քաղաքացիական եւ 9-ը` ռազմական:
«Կարելի է նկատել, որ քաղաքացիական առաքելությունը նպաստել է միջադեպերի նվազեցմանը. ԵՄ համապատասխան հաստատությունները, անդամ երկրներն առավել տեղեկացված են իրավիճակի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ դիտորդների ներկայությունն առավել դրական հոգեբանական մթնոլորտ են ստեղծում բնակչության համար»,- ընդգծել է արտաքին գործերի նախարարի տեղակալը: Ըստ հիմնական զեկուցողի` քաղաքացիական առաքելության սահուն գործունեությունը կարեւորվում է ոչ միայն Հայաստանի արեւելյան սահմաններին կայունության ապահովման, այլեւ ԵՄ-Հայաստան քաղաքական հարաբերությունների մերձեցման արագընթաց գործընթացների տեսանկյունից:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների քանակի, գործառույթների, դերակատարության վերաբերյալ` կարեւորելով անվտանգության ոլորտում բազմավեկտոր քաղաքականության շարունակականությունը: Քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն առաջարկվել է ընդգրկել հերթական նիստերի օրակարգի նախագծում: