Արմինֆո. ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հանդիպումը։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները` Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաեւ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։