Արմինֆո.Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է հանձնել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Փենախովին: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
«Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:
Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին», - ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։
Ուշագրավ է, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը, չգիտես ինչու, նման բարի կամք չի ցուցաբերում հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ։ Օրինակ, նախորդ տարվա ամռանը մարտական դիրքն ինքնակամ լքած և տեղանքում ապակողմնորոշվելու պատճառով ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ ԶՈՒ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին անմիջապես մեղադրանք էր առաջադրվել սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության և ահաբեկչության համար։ Բացի այդ, ադրբեջանական կողմը նույն տարվա գարնանը Սյունիքում առևանգել էր մարտական դիրքեր մատակարարող երկու հայ զինվորականների և նրանց մեղադրել դիվերսիոն ներթափանցման փորձի համար՝ նույնպես կալանավորելով: Արդեն չենք խոսում 2020 թվականի աշնանից Ադրբեջանում պատանդ պահվող հարյուրավոր զինվորականների և քաղաքացիական անձանց մասին, նախորդ տարվա աշնանն առևանգված Արցախի քաղաքացիների մասին։ Նրանք բոլորը շարունակում են պատանդ պահվել Ադրբեջանի կողմից՝ միջազգային հանրության եւ մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության ոլորտում հեղինակավոր կազմակերպությունների անգործության ֆոնին։