Արմինֆո.Բուլղարիան երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացման գործում առաջնորդվում է երրորդ կողմին չվնասելու սկզբունքով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Կալին Անաստասովը՝ մարտի 4-ին Երեւանում Բուլղարիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Սոֆիան պատրաստ է զարգացնել Երեւանի հետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում, հաշվի առնելով ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններն այն մասին, որ վերջերս Ադրբեջանը սպառազինությունների խմբաքանակ է գնել Բուլղարիայից, Անաստասովն արձանագրել է, որ ոչ ոք չգիտի, թե դա ինչ ինքնաթիռ է եղել և ինչ է փոխադրել: "Մենք լավ հարաբերություններ ունենք թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ, և այդ հարաբերություններում մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որպեսզի այդ փոխգործակցությունը սպառնալիք չկրի երրորդ կողմի համար", - ասել է նա, հավելելով, որ Երևանն ու Բուլղարիան կարող են ուսումնասիրել պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել այն մասին, որ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռը թռիչքներ է կատարել դեպի Բուրգաս, որտեղից փոխադրել է նախկինում ձեռք բերված զենք: