Արմինֆո. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը հաջողված է համարում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում եւ հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը: Այդ մասին Նիկոլաոս Դենդիասը հայտարարել է մարտի 4-ին Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
"Մենք հաջող եռակողմ պաշտպանական համագործակցություն ենք ստեղծել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև։ Բայց կարող են լինել նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրների, կարևոր տերությունների, Հայաստանի և Հունաստանի շատ հզոր ընդհանուր բարեկամների հետ", - հայտարարել է Դենդիասը։
Միաժամանակ, նա նշել է, որ հայ գործընկերոջ հետ Երեւանում քննարկել է ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում հայ-հունական երկկողմ կապերի զարգացման հնարավորությունները, որից հետո ստորագրվել է ընթացիկ տարվա ռազմական փոխգործակցության ծրագիրը, որն ավելի կմոտեցնի երկու երկրների զինված ուժերը: "Նախկինում էլ ունեցել ենք ձեռքբերումներ, ՀՀ ԶՈՒ շատ ներկայացուցիչներ վերապատրաստվել են Հունաստանի ռազմական դպրոցներում։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք ընդունել նաև շատ ուրիշների ։ Մենք նաև նախատեսել ենք նորարարական ձեռքբերումներ նորարարական պաշտպանության ոլորտում։ Մենք ունենք օրենսդրության նոր բաղադրիչ, որը նպաստում է Հայաստանում ռազմական հետազոտություններին և նորարարություններին։ Մենք շատ ուրախ կլինենք, եթե հայկական շահագրգիռ ընկերություններն էլ մասնակցեն այս համակարգին", - ասել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը։
Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ Հունաստանը հանդես է գալիս բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: "Մենք վճռականորեն և սկզբունքորեն դեմ ենք ցանկացած ռազմական գործողության, ցանկացած միակողմանի ռազմական գործողության այս տարածաշրջանում։ Մենք կարծում ենք, որ խաղաղությունն ամենակարևորն է, ուստի, հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղության հաստատման օգտին", - հայտարարել է Դենդիասը ։
Ընդհանուր առմամբ, խոսելով Երևան կատարած այցի մասին, հույն պաշտոնյան նշել է, որ սա արդեն իր երրորդ այցն է Հայաստան ՝ որպես Հունաստանի ազգային պաշտպանության նախարար, հավելելով, որ այս հանդիպումը 2023 թվականի դեկտեմբերին Նիկոսիայում սկսված բանակցությունների շարունակությունն է ։
"Պատմությունը միավորում է մեզ։ Մենք փորձության միջով ենք անցել, մեր ժողովուրդները միասին են տուժել, և դա շատ ամուր կապեր է ստեղծել ոչ միայն մեր երկրների, այլև հայ և հույն ժողովուրդների միջև:
Ես այսօր անպայման կայցելեմ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ աղոթելու, ինչպես նաև խորհելու մեր ընդհանուր ապագայի մասին։ Մեր հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն անցյալով, այլև շատ կարևոր հանգամանքներով, որոնցից մեկը Հունաստանի բարգավաճող հայ համայնքն է, ինչպես նաև փոքր, բայց հուսանք, որ աճող հույն համայնքը Հայաստանում ", - նշել է Հունաստանի նախարարը։
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ աշխարհն այսօր ականատես է, թե ինչպես են խախտվում միջազգային համաձայնագրերը, խախտվում են ՄԱԿ-ի կանոնները, և ողջ համաշխարհային հանրությունը պետք է ընդհանուր ճակատ ստեղծի այդ մարտահրավերներին դիմակայելու համար: "Մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք հաղթահարել հակամարտությունների զարգացումը։ Իհարկե, այդ ամենը պետք է արվի միջազգային իրավունքի շրջանակներում", - հայտարարել է Դենդիասը, հավելելով, որ իրեն միշտ հուզում է հյուրընկալությունը Հայաստանում։
"Այն ջերմությունը, որ ստանում եմ այստեղ, իսկապես հուզում է իմ սիրտը, ամեն անգամ, երբ գալիս եմ Երևան ։ Չեմ կարծում, թե կա որևէ այլ վայր, որտեղ կարող ես քեզ զգալ ինչպես տանը։ Միասին մենք մեծ հաջողությունների կհասնենք և ավելի կմերձենանք՝ թեև արդեն մոտ ենք", - ամփոփել է Դենդիասը։