Արմինֆո. Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։
Ինչպես հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության շուրջ համաձայնագիր ։ Փաստաթուղթը, որը Աթենքում ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը և Նիկոս Դենդիասը, ներառում է ռազմատեխնիկական ուղղությունը, փորձի փոխանակումը, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստությունը և այլ ուղղություններ: