Արմինֆո.Գերմանիայում գոհ են, որ կարող են միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Էրիկ Տինտրուպը՝ փետրվարի 27-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում:
Այդ առումով դիվանագետը հիշեցրել է, որ փետրվարի 28-29-ը Բեռլինում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի նպատակը խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումն է։
Խոսելով հայ-գերմանական հարաբերությունների մասին՝ դիվանագետը վստահեցրել է, որ դրանք վերելք են ապրում, ինչի մասին է վկայում նաև բարձրագույն և բարձր մակարդակի փոխայցելությունների ինտենսիվությունը: "Դրա վկայությունն է նաև այս օրերին Բունդեսթագի պատգամավորների այցը Երևան։ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն արդեն երրորդ օրն է՝ Երևանում են և տարբեր մակարդակների հանդիպումներ են ունենում։ Նրանք ներկայացնում են երկրի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը", - հավելել է նա։
Անդրադառնալով Հայաստանի և Արցախի հասցեին Ադրբեջանի ագրեսիային հավաքական Արևմուտքի անհամարժեք արձագանքի վերաբերյալ լրագրողների քննադատությանը՝ Տինտրուպը նշել է, որ շատ լավ հասկանում է հավաքվածների զգացմունքները, քանի որ 2022 թվականի սեպտեմբերից (այն ժամանակ Ադրբեջանը մի շարք ուղղություններով ներխուժել էր Հայաստանի ինքնիշխան տարածք - խմբ.) գտնվում է Հայաստանում։
Միևնույն ժամանակ, դիվանագետն ընդգծել է, որ Գերմանիան տեղի ունեցածի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկի մակարդակով՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի վերջին նիստի ընթացքում, որը հրավիրել էր Ֆրանսիան Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: "Բերբոքը նաև մեր կառավարության դիրքորոշումն է հայտնել անցյալ տարի Հայաստան կատարած իր այցի ընթացքում", - նշել է նա:
Ընդ որում, փոխդեսպանը հիշեցրել է, որ այսօրվա դրությամբ Գերմանիան աջակցում է Հայաստանին երկու հիմնական ուղղություններով. երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղում և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթաց: "Այն ամենը, ինչ դրանից դուրս է, լրացուցիչ համաձայնեցման կարիք ունի Եվրամիության անդամ բոլոր պետությունների հետ", - ամփոփել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել էր, որ Ադրբեջանն ընտրել է ռազմական ուժի ուղին։ "Մենք ակտիվորեն դատապարտում ենք Բաքվի հարձակումը, կոչ ենք անում ամբողջությամբ դադարեցնել ցանկացած մմարտական գործողություն։ Շատ մարդ զոհվեց ընդամենը երկու օրվա ընթացքում, հազարավոր մարդիկ ստիպված էին փախչել իրենց տներից: Մենք ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին հաղորդագրությունները, բայց այժմ անհրաժեշտ է բռնության լիակատար դադարեցում։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ ողջ ծավալով ապահովի քաղաքացիական բնակչության, հատկապես, երեխաների պաշտպանությունը, որոնք բնակվում են Լեռնային Ղարաբաղում:
Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի ելքն անընդունելի է։ Թե Հայաստանի, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը չպետք է կասկածի տակ դրվեն։ Դժվար է պատկերացնել այն դժվարություններն ու զրկանքները, որոնք կրում են Լեռնային Ղարաբաղի բնակիչները ամիսներ անց այն բանից հետո, երբ Բաքվի իշխանությունները, պարզապես, փակեցին Լաչինի միջանցքը։ Խանութները դատարկ են, դեղորայք չկա, էլեկտրականություն չկա, վառելիք չկա", - նշել էր նա այն ժամանակ: