Արմինֆո.Հայաստանի կառավարությունն իր առջև խնդիր է դնում երկրի զինված ուժերում ներդնել զինծառայողների վարձատրության միասնական քաղաքականություն: Այդ մասին փետրվարի 27-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" եւ "Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին"օրենքներում փոփոխությունները։
Փոխնախարարի ասելով՝ առանձին դեպքերում հայեցակարգային խնդիրների փոխարեն հատվածական լուծումներ են ընդունվում։ Միևնույն ժամանակ, աշխատավարձի չափը, համակարգի կառուցվածքը և հաստիքացանկը պետք է համապատասխանեն բանակի պահանջներին և որոշակի նպատակների ու խնդիրների: Յուրաքանչյուր զինծառայող պետք է զբաղվի իր գործով, իսկ այդ գործի արդյունքների համար պետք է վարձատրվեն համապատասխան ձևով: Այս առումով կարևոր բաղադրիչ է ԶՈՒ կառավարման համակարգի և հաստիքային միավորների վերանայումը։
Ներկայացված փաթեթը, ինչպես նշել է փոխնախարարը, վերոնշյալ խնդիրների լուծման ուղղություններից մեկն է ։ Այն, առաջին հերթին, ուղղված է պայմանագրով զինվորական ծառայության ընթացքում սոցիալական մոտիվացման բարձրացմանը։ Առաջարկվում է, մասնավորապես, առանձնացնել զինվորական և ոչ զինվորական ծառայողներին։ Փոխնախարարը հիշեցրել է, որ ներկայումս մարտական խնդիրների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներով պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար ընդունվել և գործում է ատեստավորման և հավելավճարների հաշվարկման համակարգ: Այժմ առաջարկվում է հավելավճար սահմանել նաև ոչ մարտական գործառույթներ իրականացնող, օբյեկտների պահպանության կամ ԶՈՒ սպասարկման ծառայություններ մատուցող զինծառայողների համար: Կարեն Բրուտյանը հաղորդել է, որ ներկայումս համակարգում կա մոտ 600 քաղաքացիական ծառայող և 1700 զինծառայող, որոնք կատարում են ոչ մարտական խնդիրներ:
"Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" օրենքում առաջարկվում է սահմանել ՀՀ ԶՈՒ գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները: