Արմինֆո. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրերին, ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը` կարևորելով միջխորհրդարանական համագործակցության խթանումը նաև փոխայցերի ձևաչափով: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գերմանացի գործընկերներին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար, կարևորել կանցլեր Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացում:
«Մեծապես գնահատում ենք 2018 թվականից ի վեր ՀՀ-ում հաստատված ժողովրդավարական ամուր արժեքները և պատրաստ ենք աջակցել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- նշել է Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը:
Ալեն Սիմոնյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության հետևանքները, բարձրացրել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը, որի նկատմամբ Ադրբեջանը ցուցաբերում է ապակառուցողական մոտեցում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական հարաբերությունների, Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, Հարավային Կովկասում անվտանգության հաստատման և մի շարք այլ հարցերի շուրջ:
Նույն օրը գերմանական պատվիրակության հետ հանդիպել են ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները: Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը հայ գործընկերներին ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործառույթները, նշելով, որ բացի իրավական հարցերից, հանձնաժողովը քննարկում է նաև արդիական խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, Ուկրաինայում ռազմական գործողությունների օրինականությունն ու հանցագործությունները:
Այդ համատեքստում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդների դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների հարցը: Նա հետաքրքրվել է պատերազմ սանձազերծելու համար հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են հանձնաժողովում քննարկվող օրինագծերին, ՀՀ կառավարություն-ընդդիմություն հարաբերություններին եւ առկա տարաձայնություններին:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: