Արմինֆո. 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել ընտրված լեգիտիմ կառավարությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ France 24-ի հետ հարցազրույցում։
«Ռուսական հեռուստաալիքները ոչ թե մի քանի օր, 6 տարի շարունակ, ըստ էության, համակարգված և հետևողական, նպատակամղված հակաքարոզչություն են մղում Հայաստանի կառավարության, ընտրված իշխանությունների և անձամբ իմ դեմ: Էլ ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում: Գիտեք, անկեղծ ասած, ես հետաքրքրությունս կորցրել էլ եմ այդ թեմայի նկատմամբ: Չգիտեմ էլ՝ շարունակվում է, թե չի շարունակվում: Շարունակվում է, թե չի շարունակվում, Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց, որ չի պատրաստվում իր ինքնիշխանությունից, անկախությունից, ժողովրդավարությունից հրաժարվել և հետևողական է լինելու նաև իր տարածքային ամբողջականությունն արձանագրելու, նաև հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու, նաև խաղաղության օրակարգի գործում, նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականցնելու հարցում, նաև Եվրամիության հետ հետագա հարաբերությունները խորացնելու հարցում», - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հիմա խոսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այո, մենք դեկտեմբերին շփումներ ենք ունեցել, խոսել ենք»: Խոսելով Ռուսաստանի առաջնորդի հանդեպ վստահության մասին, Հայաստանի վարչապետն ասել է. «Գիտեք, մենք միջպետական հարաբերությունների մեջ ենք, և Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկար հարաբերությունների պատմություն: Այդ հարաբերությունների պատմությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ ավանդույթներ: Մենք այդ ավանդույթների շրջանակում ենք»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը շարունակում է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը համարել արդար, Հայաստանի վարչապետն ասել է. «Մեզ համար շատ կարևոր է Ալմա-Աթայի հռչակագիրը, որոհետև Ալմա-Աթայի հռչակագիրն ինչի՞ մասին է: Ալմա-Աթայի հռչակագիրը երկու առանցքային բանի մասին է: Ընդ որում, Ալմա-Աթայի այդ հռչակագիրը ստորագրել են և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, և՛ Ադրբեջանը: Ընդ որում, Ալամա-Աթայի այդ հռչակագիրը սկսվել է Բելովեժյան համաձայնագրից, որը ստորագրել են Բելառուսը, Ռուսաստանը և Ուկրաինան: Այդ համաձայնագիրը, որը հետագայում Ալմա-Աթայում Խորհրդային միության նախկին ևս ինը հանրապետություններ միացել են, երկու բանի մասին է, որ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և երկրորդը, որ ստորագրած խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հիմա Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբնությամբ, որը նաև մեր անվտանգության համար է շատ կարևոր, մենք տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է, և մեզ, ըստ էության, լրջորեն անհանգստացնում է»:
Անդրադառնալով Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներին Երևանի միանալու հնարավորության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարաբերությունների այդպիսի ռեժիմ՝ միանալ, չմինալու մենք չունենք, բայց մյուս կողմից՝ մենք հաշվի ենք նստում առկա պատժամիջոցների հետ, որովհետև ոչ թե մեզ ճնշում են կամ մեզնից պահանջում, եթե մենք սանկցիաները չպահենք, չպահպանենք, դա կազդի մեր հարաբերությունների վրա այն երկրների հետ, որոնք այդ սանցիաները կիրառում են: Իսկ այդ երկրների հետ հարաբերությունները կարևոր են: Շատ ուրախ եմ, որ այդ հարցը տալիս եք, որովհետև, մասնավորապես, Եվրամիությունում ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, թե Հայաստանը պատժամիջոցները չի պահպանում, որ Հայաստանը պատժամիջոցների ռեժիմը խախտում է, բայց կարող եմ ասել, որ մենք այս ընթացքում, վերջին անգամ 2023 թվականին մի քանի անգամ պատվիրակություններ ենք ունեցել Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից, որոնց այցելության նպատակը հետևյալն է եղել, թե ինչքանով է Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ իր միջազգային հարաբերություններին և պարտավորություններին, ինչպես է հարաբերվում այդ սանկցիաների հետ: Եվ պետք է արձանագրենք, որ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր նկատմամբ որևէ վերապահում չեն ներկայացրել: Ընդհակառակը՝ պաշտոնապես արձանագրել են, որ սանկցիաների համատեքստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ոչ մի վերապահում չունեն: Բայց, ցավոք, քանի որ սրա մասին շատ չի խոսվում, մենք էլ այդ թեման, այսպես ասած, շատ չենք բարձրաձայնում, որովհետև դա աշխատանքային հարց է, Եվրամիության մի շարք երկրներում և նաև լրատվամիջոցներում թերևս Հայաստանի նկատմամբ գուցե որոշ շրջանակների մատուցած սխալ տեղեկությունների, հակաքարոզչություն և դեզինֆորմացիա տարածելու հիման վրա երբեմն հնչում են հայտարարություններ՝ մեղադրելու Հայաստանին: Բայց նորից եմ ասում՝ պաշտոնապես արձանագրվել է և՛ Եվրամիության, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որ Հայաստանին այս հարցում մեղադրելու որևէ հիմք չկա»: