Արմինֆո. Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ France 24 հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում։
Նրա ասելով՝ երկու երկրների միջև ճգնաժամի խաղաղ կարգավորման խոստումները հերքվում են տեղում Բաքվի գործողություններով: Ադրբեջանի նախագահը, ինչպես նշել է Փաշինյանը, ցանկանում է ոչ թե տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղության պայմանագիր, այլ՝ Հայաստանում նոր տարածքներ զավթելու ձգտում: Դրա վկայությունն են Ադրբեջանում տարածվող պնդումները, թե՝ Հայաստանն իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան "Արևմտյան Ադրբեջան"։
Ինչ վերաբերում է Հայաստանին Ֆրանսիայի ռազմական օգնությանը, ապա վարչապետը հերքել է Բաքվի մեղադրանքները, որոնց համաձայն, Փարիզն, իբր, յուղ է լցնում կրակի վրա: Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանն, իր կողմից, միլիարդավոր եվրոներ է ծախսում սեփական սպառազինության վրա:
Հայաստանի վարչապետը նաեւ հայտարարել է, որ ինքը հատկապես մտահոգված է Հայաստանում ռուս զինվորների կողմից ռուսաստանցի դասալիք Դմիտրի Սեթրակովի առևանգման առնչությամբ: "Մենք չենք կարող անօրինական գործողություններ հանդուրժել մեր տարածքում", - ասել է Փաշինյանը, նախազգուշացնելով, որ կլինեն հետևանքներ, եթե Երևանի պահանջներն անպատասխան մնան:
Նա նաև հաղորդել է, որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրին (ՀԱՊԿ), որտեղ գերիշխում է Մոսկվան, փաստացի, սառեցված է, միաժամանակ պնդելով, որ Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարց օրակարգում չկա: "Մեր կարծիքով՝ ՀԱՊԿ մեխանիզմները Հայաստանի նկատմամբ չեն կիրառվել, հատկապես, 2021-2022 թվականներին, և մենք չէինք կարող դրան ուշադրություն չդարձնել։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո", - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։