Արմինֆո. Հարավային Կովկասում նոր պատերազմի հնարավորությունը կրկին դադարում է մտահայեցական հեռանկար լինել։ Եվ ավելի պարզ է դառնում, թե ինչու էր Իլհամ Ալիևն այդքան շտապում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։ Այդ կարծիքին է Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հայտնի փորձագետ, քաղաքագետ Արկադի Դուբնովը։
Իր Telegram-ալիքում Դուբնովը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորականների զոհվելու վերջին միջադեպը չափազանց լուրջ սրացում է, որը տեղի է ունենում Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքման պայմանների նկատմամբ Բաքվի պահանջների խստացման ֆոնին:
"Անցած տարվա սեպտեմբերին իրականացված ռազմական գործողությունից հետո, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը լիովին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Իլհամ Ալիևը պահանջել է վերաշարադրել Հայաստանի սահմանադրությունը՝ դրանից բացառելով Ղարաբաղի մասին բոլոր տեսակի հիշատակումները: Երեւանում արդեն մասամբ համաձայնել են նման պահանջներին, օրերս Հայաստանի ԱԳՆ պաշտոնական էջից անհետացել է "Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր" ողջ բաժինը՝ բոլոր լեզուներով: Այդուհանդերձ, Բաքուն շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Երևանին ՝ սպառնալով ուժ կիրառել դրանք չկատարելու դեպքում" - արձանագրում է մասնագետը:
Նա նշել է, որ հարևանների նկատմամբ նման քաղաքականության մոդալությունը այժմ նորմ է դառնում հետխորհրդային տարածքում, ինչին աշխարհն ականատես եղավ 2022 թվականի փետրվարին: Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում Ալիևի վերջնագիրն այսպես էր շարադրել. "Նա ասաց, որ եթե տեսնի, որ Հայաստանը վերազինվում է, ապա ռազմական գործողություն կսկսի Հայաստանի դեմ, հաստատեց Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի մասին իր պահանջը, բացառեց իր զորքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից, ռազմավարական բարձունքներից, հայտարարելով, որ այդ օկուպացված տարածքները պետք են Հայաստանի մտադրությունները վերահսկողության տակ պահելու համար"։ Փաշինյանի խոսքով ՝ "Ադրբեջանը հետքայլ է անում ձեռք բերված պայմանավորվածություններից"։ Փաշինյանը պատասխանել է, որ "ուժեղ և մարտունակ բանակ ունենալը ցանկացած անկախ պետության ինքնիշխան իրավունքն է։ Սակայն Բաքվում վտանգավոր են համարում հայկական բանակի վերազինումը, որը կարող է սպառնալ Ադրբեջանին Երևանի կողմից ռևանշի փորձով:
"Այդպես է դա, թե՝ ոչ, սակայն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը սեփական զինված ուժերի ամրապնդման արգելքով պայմանավորելու Բաքվի ձգտումն անհեթեթ է թվում: Հետպատերազմյան Հայաստանը հետպատերազմյան հիտլերյան Գերմանիան կամ պարտված կայսերական Ճապոնիան չէ, որոնց վրա նման սահմանափակումներ են դրվել", - կարծում է քաղաքագետը։ -0--