Արմինֆո. Հայաստանի 4 քաղաքներում միաժամանակ առաջին անգամ կանցկացվի գիրք նվիրելու Booksgiving Fest փառատոնը, որի շրջանակներում նախատեսված են դասախոսություններ, վարպետության դասեր, գրքերի ակումբներ, կինոդիտումներ, բուքրոսինգ և բարեգործական վաճառք: Բոլոր միջոցառումները կկազմակերպվեն Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում:
Երևանում Booksgiving Fest փառատոնը մեկնարկում է փետրվարի 16-ին Ghibli ստուդիայի ամենագրքային անիմեի դիտումով: Փետրվարի 17-ին մեծահասակներին սպասում է բանախոսություններով հագեցած օր, իսկ փոքրիկներն այդ ընթացքում կարող են մասնակցել ստեղծագործական աշխատարանների: Երեկոյան ընթերցողները կհանդիպեն ժամանակակից հայ գրող Բյուրակն Իշխանյանին, ով հատուկ եկել է Դանիայից՝ փառատոնին մասնակցելու համար: Իսկ Երևանի լավագույն հռետորները կարող են փորձել իրենց ուժերը ընթերցանության միջազգային մրցույթում:
⠀
Փետրվարի 18-ին փոքրիկները օրը սկսելու են գրաֆիկայի և պատկերազարդման արվեստանոցից, որից հետո մեծահասակները կքննարկեն 21-րդ դարի ամենաքննարկվող գրքերը Մարինա Կոզլովայի հետ: Երեկոյան ամենախելացի և կարդացած թիմերը կմրցեն Գրքային մեծ քվիզում:
Եվ իհարկե, փառատոնի ողջ ընթացքում անցկացվելու է ընթերցված գրքերի բարեգործական մեծ տոնավաճառ, որի ողջ հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանվածներին օգնության ծրագրերին:
Փառատոնի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումով. https://booksgivingfest.website/ru :
Միջոցառման կազմակերպիչն է Art Guru Media կազմակերպությունը: