Արմինֆո.Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ:
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, որոնց առաջմղման հարցում իր յուրովի դերն ունի ԵՄ օրենսդիր մարմինը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։
Հանգամանալից քննարկվել են Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցեր: Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի գործընկերոջն է ներկայացրել առկա մարտահրավերների հաղթահարման հարցում հայկական կողմի տեսլականը, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։ Ընդգծվել է ՀՀ նկատմամբ տարածքային նկրտումների զսպման, տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության անվերապահ հարգման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար դժվարին պայմաններում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերած սկզբունքային մոտեցմանն ու հստակ գնահատականներով և ուղերձներով ընդունված փաստաթղթերին։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Նատալի Լուազոյին ՀՀ համար առանցքային կարևորության հարցերի առաջմղման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար և նրան պարգևատրել ՀՀ երախտագիտության մեդալով։
Նույն օրը Բրյուսելում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ:
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրարկմանն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման հեռանկարներին։ Վերջինիս համատեքստում գոհունակությամբ նշվել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան նախորդ տարվա դեկտեմբերին, մտքեր են փոխանակվել Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ։
ՀՀ ԱԳ նախարարը և գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր, ինչպես նաև դիտարկել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետագա առաջմղման հնարավորությունները։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի և հարատև կայունության ապահովման ուղղությամբ առկա մարտահրավերներին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով կարիքները հասցեագրելուն ուղղված ջանքերի շուրջ: