Արմինֆո. Վարդենիսի բնակիչները Հայաստանի իշխանություններից պահանջում են հրապարակավ խոստովանել կամ հերքել, թե արդյոք վերջիններս մտադրություն ունեն հանձնել իրենց համայնքը: Այդ մասին հայտարարել է այսօր Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչների կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Քաղաքացիները ժամանակավորապես փակել էին Երևան տանող ճանապարհը, ինչի պատճառը Վարդենիսի անձնագրային սեղանի վերացումն է, ինչը, իշխանությունների հավաստմամբ, պայմանավորված է ծառայությունների թվային ձևաչափին անցնելու հանգամանքով:
Բնակիչները դժգոհում են, որ իրենց շրջանի բոլոր պետական հաստատություններն աստիճանաբար փակվում են, իսկ թվայնացմանը վերջիններս ակնհայտորեն պատրաստ չեն։ "Եթե մեր քաղաքը դատարկելու մտադրություն չկա, թող ամեն ինչ թողնեն այնպես, ինչպես կա, և վերադարձնեն այն, ինչ վերցրել են", - նշել են վարդենիսցիները: Նրանք հաղորդել են, որ մինչ այդ Վարդենիսում փակել են դիահերձարանը, սանէպիդեմակայանը։
Նշելով, որ Նիկոլ Փաշինյանին ընտրել են նախկին իշխանություններից ազատվելու համար, բնակիչները դժգոհությամբ հարց են ուղղել, թե ինչով է հիմա զբաղված գործող վարչապետը: <Արդյո՞ք նա հիմա դատարկում է Վարդենիսը: Գնացեք մեր գյուղեր: Դրանք դատարկվում են: Յուրաքանչյուր գյուղում կա 50 դատարկ տուն, ոմանք մեկնել են արտագնա աշխատանքի, մյուսները տեղափոխվել են Երևան։ Թող մերը մեզ թողնեն> ,- նշել են բողոքի ակցիայի մասնակիցները:
Մարզպետի հետ հանդիպումից հետո բնակիչները որոշում են կայացրել բացել ճանապարհը, սակայն՝ պայմանով, որ վաղը Վարդենիս միավորված համայնքի 37 գյուղերի բնակիչներ իրենց պահանջներն իրավաբանորեն ամրագրեն, որից հետո փաստաթուղթը կհանձնվի Ազգային ժողովին: <Մենք ողջամիտ ժամկետներ կտանք նրանց լուծում ստանալու համար՝ ի շահ մեր բնակիչների: Իսկ եթե՝ ոչ, այսօր մենք 100 հոգի էինք, վաղը կարող ենք լինել 200 և հասնել մինչեւ 10 000։ Թող մեր հարցը քննարկեն և լուրջ պատասխան տան", - ասել է ակցիայի մասնակիցը։ Բնակիչները հայտարարել են, որ հակառակ դեպքում պատրաստ են խռովության։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել է, որ կառավարությունը քննարկում է հանրապետությունում անձնագրային սեղանների քանակը կրճատելու և բազմաթիվ պետական ծառայություններ էլեկտրոնային ձևաչափի տեղափոխելու հնարավորությունը: Փաշինյանը նշել է, որ մի շարք քաղաքներում մասնաճյուղերի օպտիմալացումն ու փակումը շահարկումների տեղիք է տալիս: Այդպես էր նախկինում, երբ Մեղրիում փակվեց դատարանի բաժանմունքը, և հիմա, երբ Վարդենիսում ուզում են փակել անձնագրային սեղանը։ Այնուամենայնիվ, օպտիմալացում, նրա ասելով, իրականացվելու է Հայաստանի շատ մարզերում, ինչպես նաև՝ Երևանում: Եթե պարզվի, որ անձնագրային սեղանների կրճատումը դժվարություններ կառաջացնի, իշխանությունները կդիտարկեն շրջիկ բաժանմունքներ ստեղծելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, կառավարությունը հույս ունի, որ դա տեղի չի ունենա, քանի որ շատ փաստաթղթեր հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային եղանակով, ներառյալ սոցիալական ծառայությունների համարի, մշտական հասցեի մասին տեղեկանք և այլն: