Արմինֆո. Հայաստանում աշխատանք է տարվում հայ ժողովրդի դեմ ադրբեջանցիների գործած հանցագործությունների փաստերի հավաքագրման և ամփոփման ուղղությամբ՝ Միջազգային քրեական դատարան ներկայացնելու համար: Այդ մասին փետրվարի 7-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։
Նախարարի ասելով՝ թեև Հռոմի ստատուտն ընդամենը 7 օր է ուժի մեջ մտել Հայաստանի համար, այնուամենայնիվ, աշխատանքը, որում ներգրավված են ինչպես Արդարադատության նախարարության մասնագետներ, այնպես էլ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցներ, նշված ուղղությամբ անցկացվում է 2-3 ամիս: Արդեն պատրաստ է օրենքների փաթեթի նախագիծը, որի հիմքում դրված է քրեական և քրեադատավարության օրենսգրքերը միջազգային քրեական իրավունքին համապատասխանեցնելու գաղափարը: Դա հնարավորություն կտա օգտվել միջազգային քրեական և, մասնավորապես, քննչական փորձից, իսկ դա թույլ կտա բարելավել կատարելագործման մեխանիզմները պատերազմական հանցագործությունների փաստերով հետաքննությունների անցկացման ժամանակ։
Ի պատասխան՝ Արթուր Խաչատրյանն ուղիղ հարց է տվել. «Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը Միջազգային քրեական դատարանում պնդելու է քրեական պատասխանատվության ենթարկել անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպչին»: Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ կարելի է զգացմունքային նոտայի վրա 100 անգամ կրկնել "անձամբ" բառը, սակայն, երկրի կառավարությունն առաջնորդվում է բացառապես իրավական ակտերի հիման վրա, որոնցով կարելի է ներգրավել օտարերկրյա փորձագետների՝ ՄՔԴ դիմելու համար: Եվ իրավախախտումներ արձանագրելիս տվյալ գործընթացին ընթացք է տրվում ։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ: