Արմինֆո."Նոր սահմանադրության" ընդունումը Հայաստանի անկախության հռչակագրի վերացումն է։ Այդ մասին փետրվարի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայաքվե" շարժման համակարգող, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով, երկրի իշխանությունները մտադիր են սահմանադրական հեղաշրջում իրականացնել, իսկ սահմանադրական բարեփոխումների անվան տակ փորձ է արվում ոչնչացնել հայոց պետականությունը: Չալաբյանը նշել է, որ թե գործող սահմանադրությունը, թե Անկախության հռչակագիրն ուղղված են հայ ժողովրդի հիմնական նպատակի իրաագործմանը՝ հզոր պետության կառուցմանը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանը: "Մինչդեռ ՀՀ ներկայիս իշխանությունները գնում են սահմանադրական հեղաշրջման ՝ ձգտելով նոր մայր օրենքի շղարշի հետևում երկիրը դարձնել Թուրքիայից և Ադրբեջանից կախված կիսապետական կազմավորում", - ասել է Չալաբյանը, հավելելով, որ այդ փաստը հենց իրենք են ընդունում, հայտարարելով, որ դրան գնում են Անկարայի և Բաքվի թելադրանքով, ինչպես նաև՝ նոր պատերազմի սպառնալիքներով ։
Նա նշել է, որ "Հայաքվե" նախաձեռնությունը հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու է այդ ծրագրի դեմ: "Ձևավորելու ենք անկախության համար պայքարի միասնական ճակատ և թույլ չենք տալու, որ մեր ոխերիմ թշնամիները լուծարեն հայոց պետականությունը", - ասել է Չալաբյանը ՝ կոչ անելով Ազգային բոլոր ուժերին միանալ շարժմանը: Համակարգողը նշել է, որ նոր սահմանադրության ընդունման համար որոշում պետք է կայացնի խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունը (պատգամավորների 2/3-ը), նախագիծը պետք է հաստատի Սահմանադրական դատարանը: "Մեր պայքարն ուղղված է լինելու նրան, որ իշխանությունները չկարողանան հաղթահարել այդ փուլերից ոչ մեկը", - ասել է համակարգողը, հավելելով, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը կտևի առնվազն մեկ տարի, և այդ ընթացքում հնարավոր է ձևավորել հզոր շարժում: