Արմինֆո.Վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները Ադրբեջանի խամաճիկային կառավարություն են՝ կատարելով այն ամենը, ինչ նրանցից պահանջում է Բաքուն։ Այդ մասին փետրվարի 2-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե միաժամանակ հայտարարել են հայ ժողովրդին իրենց պահանջների մասին։ Երկուսն էլ նշել են, որ եթե ՀՀ սահմանադրությունը, որի հիմքերը դրվել են 1995 թվականին, չփոխվի, ապա Հայաստանին նոր պատերազմ է սպասվում։ "Ինձ մի բան է հետաքրքրում. խոսքը փաթեթային զիջումների, թե՞ փուլային զիջումների մասին է, երբ Փաշինյանը կատարում է այն ամենը, ինչ իրենից պահանջում է Ադրբեջանը", - ասել է ընդդիմադիրը, հավելելով, որ Բաքվի ախորժակն օրեցօր բացվում է, և օրեցօր ավելանում է պահանջվող զիջումների քանակը: "Թե որտեղ է այդ զիջումների վերջը՝ ես անձամբ չեմ տեսնում, որովհետեւ հարեւան պետության ցանկացած հրաման պարտադիր է կատարման համար, որից հետո փորձ է արվում համոզել ժողովրդին, որ այդ հրամանը համապատասխանում է երկրի ազգային շահերին", - ընդգծել է խորհրդարանականը:
Նա հավելել է, որ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23 - ին, իսկ ՀՀ սահմանադրությունը՝ 1995 թվին, և շուրջ 30 տարի այդ փաստաթղթերը պատերազմի վտանգ չէին ներկայացնում, բայց ահա եկավ Փաշինյանը, և պարզվեց, որ դրանցում ամրագրված սկզբունքները կարող են սպառնալիք ներկայացնել պետության անվտանգության համար: