Արմինֆո.: Հունվարի 23-ին Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Թիյոյի հետ։
Շնորհակալություն հայնտելով ընդունելության համար՝ դեսպան Բալայանը բարձր է գնահատել Բելգիայի խորհրդարանի շարունակական աջակցության դրսևորումները՝ արտահայտված բանաձևերի և հայտարարությունների տեսքով, ինչպես նաև ակտիվ ներգրավվածությունը Երևանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացման հարցում։
Ինչպես հաղորդում է Բելգիայում Հայաստանի դեսպանատունը, Տիգրան Բալայանը մանրամասն ներկայացրել է իր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունները, Բելգիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից 2023 թ․սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման հումանիտար հետևանքներին, և ներկայացրել է ավելիք քան 140․000 բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության գործադրած ջանքերը։
Այս կապակցությամբ դեսպան Բալայանը նաև ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները՝ անդրադառնալով նաև ՀՀ կառավարության կողմից առաջադրված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։
Նախագահ Թիյոն, իր հերթին, նշել է, որ Բելգիան դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը և հայերի բռնագաղթը կարևորել հայ ազգաբնակչության՝ հայրենիք ապահով վերադարձի իրավունքի պաշտպանությունը։ Նա դրական է գնահատել հայ-բելգիական համագործակցությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցման գործընթացը՝ ԵՄ-ում Բելգիայի նախագահության համատեքստում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ընթացիկ տարում Բելգիայում կայանալիք ընտրություններին և նախընտրական զարգացումներին։