Արմինֆո.Ադրբեջանում ևս 4 ամսով երկարացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Վարդանյանն ադրբեջանական իշխանությունների կողմից պատանդ էր վերցվել անցած տարվա սեպտեմբերին՝ Արցախի նկատմամբ հերթական ագրեսիայի ակտից և նրա լիակատար օկուպացումից հետո: Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է "ահաբեկչության ֆինանսավորման", "օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու" և "Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու" համար:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ. Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը ևնախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: