Արմինֆո. Եթե տեսանելի հեռանկարում ՆԱՏՕ-ն չփլուզվի, ապա հունվարյան այս օրը դաշինքի ժամանակագիրները (և պարզապես Հյուսիսատլանտյան եղբայրության քարոզիչները) կանվանեն պատմական։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այդպես է մեկնաբանել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացումը:
Ռուս փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նիստի աշխատանքներին մասնակցել է 346 պատգամավոր, ու, թեեւ, նրանց միջեւ լիակատար միաձայնություն չի եղել, Շվեդիայի հայտին կողմ է քվեարկել 287 մարդ, դեմ՝ 55-ը: Հիմա խոսքը Թուրքիայի նախագահինն է։ Սպասվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկայում կստորագրի վավերացման փաստաթուղթը:
Ընդ որում, ռուս քաղաքագետը կարծում է, որ այս իրադարձությունը պատմական համարելու բազմաթիվ պատճառներ կան։ "Շվեդիան, որը երկար տարիներ չի անդամակցել ռազմական դաշինքներին (նույնիսկ՝ "սառը պատերազմի" ժամանակ) 2022 թվականին կտրուկ փոխել է իր արտաքին քաղաքական կուրսը։ Սակայն ՆԱՏՕ-ի ներսում ոչ բոլորն էին պատրաստ կիսել Ստոկհոլմի եվրատլանտյան ոգևորությունը։ Թուրքիան շվեդական ատլանտիզմի հանդեպ թերահավատ երկրների թվում էր… Անկարան շվեդներին մեղադրում էր նաև Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու, այդ կազմակերպության անդամներին, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարների կողմնակիցներին թաքցնելու մեջ: Շվեդիային մեղադրում էին նաև իսլամաֆոբիայի, թուրքաֆոբիայի մեջ։ Եղել են նաև Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրումը Անկարայի եվրոպական ինտեգրման հետ սինխրոնացնելու թուրքական նախաձեռնություններ", - նշել է Մարկեդոնովը։
Ընդ որում, նա արձանագրել է, որ, չնայած Ստոկհոլմի զիջումներին, Էրդողանը շարունակում էր համառել, որպեսզի իր համար անհրաժեշտ պահին շվեդներին "կանաչ լույս" տա։ Քաղաքագետը հավելել է, որ Էրդողանն այս առումով առաջին անգամը չէ, որ գործում է և նմանատիպ բաղադրատոմսերով ու ալգորիթմներով նա գործել է ԵՄ-ում 2015թ. միգրացիոն ճգնաժամի ընթացքում: "Խաղադրույքների բարձրացում, գործնականում անիրականանալի պահանջների առաջադրում, սկանդալներ, լրատվամիջոցների ուշադրության գրավում. Բայց հետո "կառուցողական պահվածք", - նկատել է նա։
Քաղաքագետը նաև հիշեցրել է, որ մեկ տարի առաջ թուրքական ընտրապայքարի նախաշեմին ռուսական վերլուծական մտքի շատ ներկայացուցիչներ փորձում էին ինքներն իրենց և ուրիշներին համոզել, որ մեր առջև մի տեսակ թեկնածուների պայքարի մանիքեական երկգույն սխեմա է: "Ըստ այդ տեսությունների՝ Մոսկվայի կողմնակից Էրդողանը դիմակայում էր Քեմալ Քըլըչդարօղլուին՝ համաշխարհային իմպերիալիզմի և հավաքական վեստերնիզմի վարձկանին։ Եվ, նույնիսկ, Ուկրաինային թուրքական ռազմական մատակարարումների, ինչպես նաև Կովկասում և Մերձավոր Արևելքում ռուս-թուրքական հակասությունների վերաբերյալ զգուշավոր առարկություններն այնքան էլ հաշվի չէին առնվում։ Ի դեպ, փորձը, ինչպես մեզ սովորեցրել են դասականները, ճշմարտության չափանիշ է: Դե ինչ, Էրդողանը հաղթանակ տարավ, և նրա առաջին որոշումներից մեկը Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում Հաֆիզե Գայե Էրքանի նշանակումն էր (Փրինսթոնի շրջանավարտ, որն ավելի վաղ ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում ամերիկյան Goldman Sachs և First Republic բանկերում)։ Կանխաատեսում եմ ընդդիմաախոսների առարկությունները. "Ձեր կարծիքով, ստացվում է, որ մենք Անկարայի հե՞տ էլ պետք է առճակատման մեջ մտնենք": Պատասխանն ակնհայտ է. ոչ մի դեպքում, քանի որ վտանգավոր է և անարդյունավետ, առանց որոշ հանգույցներ արձակելու, ձգել նաև մյուսները", - կարծում է Մարկեդոնովը:
Նրա ասելով, այն, որ Թուրքիան չի միանում հակառուսական պատժամիջոցներին և ՌԴ-ի համար բաց է պահում մի շարք կարևոր պատուհաններ դեպի արտաքին աշխարհ, կարևոր և ձեռնտու է Մոսկվային: "Շնորհակալություն, ինչպես ասում են, բարի խոսքի համար։ Բայց այս ամենը Էրդողանին և թուրքական վերնախավին չի դարձնում Ռուսաստանի շահերի ինչ-որ հատուկ ջատագով ՝ իրենց ներքաղաքական ընդդիմախոսների համեմատ։ Արեւմուտքի հետ առճակատման մեջ մտնել Անկարան չի ցանկանում։ Թուրքիայի առաջնորդի գրեթե բոլոր թոռները ԱՄՆ քաղաքացիներ են, Իսկ երեխաներն այնտեղ կրթություն են ստացել։ Եվ դրա համար էլ եվրատլանտյան կարգապահությունը Թուրքիայի և նրա էլիտայի համար ունի նաև անձնային չափում… Քանի որ ռեալիզմը Ռուսաստանի համար դարձել է աշխարհիկ կրոն, կարևոր է համարժեք գնահատել ուրիշների ուժերը, ռեսուրսները և շահերը: Ոչ ընկերներին, ոչ թշնամիներին, ոչ նրանց, ովքեր "ոչ ընկեր են, ոչ էլ թշնամի, այլ՝ այնպես, մի վերագրեք "ինչ-որ ուռճացված սպասումներ, չչափել աշխարհը ցանկություններով և երազանքներով: Եվ ինքներդ ձեզ մի հանգստացրեք քաղցր հիպնոսացնող սեանսներով, հետո սթափվելը սարսափելի է լինում", - եզրափակել է Մարկեդոնովը։