Արմինֆո. Հունվարի 22-ին Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից։ Այդ մասին սոցիալական ցանցերում հաղորդել է "Հայաստան" դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին հայտնի էր դարձել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (ԿԱՖ) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելու մասին ։ Հուլիսի 14-ին Փափազյանն ընտանիքի հետ ժամանել էր Հայաստան, սակայն "Զվարթնոց" օդանավակայանում արգելվել էր նրա մուտքը, հայտարարելով, որ նա ընդգրկված է անցանկալի անձանց ցանկում: Ինչպես հաղորդել էին ՀՀ կառավարությունից, Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր "Օտարերկրացիների մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի հիման վրա: Արգելքի պատճառ էր հանդիսացել այն հանգամանքը, որ "Մուրադ Փափազյանը եղել էր 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան մոտ վարչապետի գլխավորած պատվիրակության ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպիչներից մեկը"։ "Ակցիայի մասնակիցները տարբեր առարկաներ են նետել վարչապետի ավտոշարասյան վրա, և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի միջամտության արդյունքում", - պարզաբանել էին ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից: Այդ ժամանակ Փափազյանը հայտարարել էր, որ մտադիր է դատարանի միջոցով վերականգնել իր ոտնահարված իրավունքները։ Իսկ արդեն երկու շաբաթ անց, նույն թվականի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ անցանկալի անձ են հայտարարվել Նիդերլանդների ՀՅԴ երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանն ու Հոլանդիայի Հայ դատի ատենապետ Մասիս Աբրահամյանը։