Արմինֆո.Խաղաղության պայմանագրի տեքստի նախապատրաստման աշխատանքների շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը հասել են այն ըմբռնման, որ կողմերին անհրաժեշտ են փոխադարձ երաշխիքներ՝ միմյանց նկատմամբ տարածքային քողարկված նկրտումների բացակայության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
"Պետք է արձանագրել, որ տեսականորեն մեր միջև խաղաղություն հնարավոր է ։ Եվ, ըստ էության, վերջին շրջանում խոսակցություններն ընթանում էին այն ուղղությամբ, որ մենք չունենք և պարտավորվում ենք ապագայում միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել", - ասել է կառավարության ղեկավարը ։ Փաշինյանն ընդգծել է, որ տարածքային պահանջների բացակայությունը պետք է ամրագրվի դե յուրե խաղաղության պայմանագրով:
Ընդ որում, նա նշել է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, որոնք կարող են տպավորություն թողնել, թե Ադրբեջանը միտումնավոր փորձում է փակուղի մտցնել խաղաղության գործընթացը, Հայաստանը չպետք է փոխի իր ռազմավարությունը: "Մեր ռազմավարությունը եղել է և շարունակելու է մնալ հետևյալը. Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության ամրապնդումը և հաստատումը պետք է տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, քանի որ այդպիսին է ողջ միջազգային հանրության ըմբռնումը", - ասել է նա։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը Հայկական ԽՍՀ տարածքն է: "Եվ երբ մենք կանգնած ենք այդ միջազգայնորեն ճանաչված տարածքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության պաշտպանության վրա, մենք կանգնած ենք լեգիտիմ հիմքերի վրա, ինչը մասնագիտական աշխատանքի դեպքում պետք է լրացուցիչ գործոն դառնա մեր անվտանգության համար", - հավելել է նա:
0Փաշինյանը հերթական անգամ ընդգծել է, որ Բաքվից երաշխիքներ է ակնկալում տարածքային թաքնված պահանջների բացակայության մասին, նշելով, որ Հայաստանն, իր կողմից, պատրաստ է դրանք տրամադրել: "Դրանք փոխկապակցված գործընթացներ են", - ամփոփել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրին, որով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում, որը տեղի է ունեցել Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ: