Արմինֆո. Արցախից տեղահանված մեր հայրենակիցների մոտ գտնվող 070 ծածկագրով կապույտ անձնագրերը վավեր են մինչև դրանցում նշված վավերականության ժամկետը լրանալը և կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք վավեր են արցախցիների այդ անձնագրերը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք անձինք կարող են ճանապարհորդել այդ փաստաթղթերով, Հովհաննիսյանը փաստել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է դրանց վավերականության ժամկետը, և, փաստորեն, մինչև այս տարվա հունվարի 28-ը 070 սերիայի անձնագրերով անձինք կարող են անարգել մուտք գործել/դուրս գալ երկրից: "Հունվարի 28-ից հետո արցախցիներին անհրաժեշտ կլինի 070 ծածկրագրով անձնագրի հետ միասին իրենց մոտ ունենալ փախստականի փաստաթուղթ։ Միայն այդ երկու փաստաթղթերի առկայության դեպքում հնարավոր կլինի հատել սահմանը", - նշել է իրավաբանը։
Ընդ որում, արդարադատության նախկին նախարարը փաստել է, որ փախստականի վկայականի առկայությունն այս պահին որեւէ արտոնություն չի տալիս ինչ-որ ծրագրերի միանալու կամ ինչ-որ սոցիալական վճարներ ստանալու առումով, բացի այն ծրագրերից, որոնք այսօր արդեն հնչեցվել են Հայաստանի կառավարության կողմից:
Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ նման անձնագրի վավերականության ժամկետը լրանալուց հետո անձն իրավունք ունի այն փոխարինել նմանատիպ փաստաթղթով կամ ՀՀ քաղաքացիությամբ՝ միայն Հայաստանի տարածքում գրանցման առկայության դեպքում: Նա նաև տեղեկացրել է, որ փախստականի վկայական ունեցող անձինք չեն կարող մասնակցել երկրում ընտրական գործընթացներին, զորակոչվել բանակ և այլն:
Նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալներով ՝ հունվարի 16-ի դրությամբ 36 200 արցախցիներ դիմել են ժամանակավոր պաշտպանության վկայականներ ստանալու համար, տպագրված վկայականների թիվը կազմում է 35 800, դիմողներին տրված վկայականների թիվը՝ 28 490:
Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո, ընդհանուր առմամբ, ավելի քան 150 հազար արցախցի դարձել է փախստական ։