Արմինֆո. ԱՄՆ-ը նախկինի պես հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ ի պատասխան ճշգրտող հարցին, թե արդյոք առաջընթաց կա հայ-ադրբեջանական բանակցություններում՝ Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի տարածաշրջան այցից հետո։
"Դա այն է, ինչի ուղղությամբ գերատեսչությունը կշարունակի աշխատել։ Ակնհայտ է, որ համակարգող Բոնոն, պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն զբաղվել դրանով։ Ես, պարզապես, հիմա ձեզ համար թարմացումներ չունեմ", - հավելել է Պատելը: Նա չի մեկնաբանել նաև Վաշինգտոնում Երևանի և Բաքվի հետ հնարավոր առաջիկա հանդիպումների մասին հարցը, նշելով, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի:
Նշենք, որ շաբաթվա սկզբին Լուիս Բոնոն այցելել էր Երևան, որտեղ հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվում հրաժարվել են ընդունել Բոնոյին՝ ԱՄՆ պետքարտուղարի վերջին զեկույցի ֆոնին: Երևանում ԱՄՆ դեսպանատանը խուսափել են ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք իրականում Բոնոյին հրաժարվել են ընդունել Բաքվում: