Արմինֆո. ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության համաձայնագրի կնքմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։ Այդ մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ ' Բրայենը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։
"Մեզ շատ ոգևորում է այն հանգամանքը, որ նրանք շարունակում են լուծել այն խնդիրները, որոնք մնում են իրենց միջև, և ունեն հզոր երկկողմ օրակարգ։ Մենք դեռ շատ բան ունենք աշխատելու, և այնքանով, որքանով կարող ենք օգտակար լինել, և ուրախ կլինենք համապատասխան աջակցություն ցուցաբերել: Մենք լիարժեք հարաբերություններ ունենք երկու երկրների հետ ՝ տնտեսությունից մինչև անվտանգություն և քաղաքական կապեր, ուստի, կցանկանայինք, որ երկու երկրներն էլ օգուտ քաղեին խաղաղության համաձայնագրից։ Մենք կաշխատենք այդ ուղղությամբ առավել ընդունելի եղանակով", - նշել Է դիվանագետը։
Միևնույն ժամանակ, նրա հավաստմամբ, սա ևս մեկ հիանալի հնարավորություն է երկու կառավարությունների համար ՝ իրենց ժողովուրդների համար էլ ավելի մեծ արդյունքների հասնելու ճանապարհին:
Նրա խոսքով՝ Հայաստանում բարեփոխումների ծրագիրը շատ տպավորիչ է, իսկ Ադրբեջանում սպասվում են ընտրություններ, և երկիրը ցանկանում է իր դերը խաղալ տարածաշրջանային տնտեսական զարգացման գործում: "Խաղաղության պայմանագիրը միայն կնպաստի այդ ծրագրերի իրականացմանը։ Մենք ցանկանում ենք երկու երկրների հետ քննարկել մեր օրակարգի բոլոր հարցերը ՝ սկսած կալանքի տակ գտնվող որոշ անձանց վերաբերյալ մեր մտահոգություններից մինչև երկկողմ հարցեր: Մենք ունենալու ենք շատ հագեցած օրակարգ՝ առաջ շարժվելու համար, և այս ամենը երկու երկրների միջև կայուն, արժանապատիվ խաղաղությանը նպաստելու համար", - եզրափակել է ԱՄՆ պաշտոնյան: