Արմինֆո. Մահացու հրազենային վիրավորումով զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, արդեն իսկ միջադեպերից մեկով գրություններ են ուղարկվել Պաշտպանության նախարարություն և Գլխավոր դատախազություն: Մյուս դեպքով ևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:
Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ: Չափազանց կարևոր է իրավասու պետական մարմինների կողմից նման գործերով արդյունավետ քննության իրականացումը, ինչպես նաև համանման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ձեռնարկումն ու այդ նպատակով ամբողջական և պատշաճ կառուցակարգերի գործարկումը։
Այս հանգամանքը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ընդգծվել է բազմիցս, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կազմակերպվել են քննարկումներ, ներկայացվել են խնդրի լուծմանն ուղղված առաջարկություններ։
Պաշտպանը հետևողական է լինելու ինչպես վերոնշյալ, այնպես էլ ոլորտում առկա, այդ թվում՝ ԶՈՒ կարգապահությանն առնչվող խնդիրների հասցեավորմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը։
Նշենք, որ հունվարի 9-ին հայտնի էր դարձել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ՀՀ ԶՈՒ միանգամից երկու սպայի մահվան մասին: Առավոտյան պաշտպանական գերատեսչությունից հաղորդեցին, որ հունվարի 9-ին ՝ ժամը 06:20 - ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին ՝ հրազենային վնասվածքով: Սպանության փաստի առնչությամբ ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող։ Լեյտենանտ Կարապետյանը 23 տարեկան էր ։ Նա Արագածոտնի մարզից էր ։
Իսկ արդեն ուշ երեկոյան ՀՀ ՊՆ-ից հաղորդեցին, որ հունվարի 9-ին ՝ ժամը 11:30-ի սահմաններում, մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին ՝ հրազենային վնասվածքով: Լրատվամիջոցները գրում են, որ 1994 թվականին ծնված Դանիելյանն ամուսնացած էր, երեխաներ ուներ և ինքնասպանություն է գործել՝ ընտանեկան խնդիրների ֆոնին: Այդ տեղեկատվության հաստատում կամ հերքում դեռ չկա։