Արմինֆո. Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, հանդիպել հրամանատարական կազմի հետ:
ՊՆ հաղորդագրության համաձայն, այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Ասրյանը մասնակցել է զորամիավորման 2023 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:
Էդվարդ Ասրյանը, անդրադառնալով զորամիավորմանը ենթակա ստորաբաժանումներում տեղի ունեցած դեպք-պատահարներին, կարգադրել է անել ամեն հնարավորը՝ պատշաճ քննություն անցկացնելու, պատճառները պարզելու, հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար:
ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է մարտական հերթապահության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, պահպանել անվտանգության կանոնները, հետևողականորեն իրականացնել կարգապահության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները:
Նշենք, որ հունվարի 9-ին հայտնի էր դարձել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ՀՀ ԶՈՒ միանգամից երկու սպայի մահվան մասին: Առավոտյան պաշտպանական գերատեսչությունից հաղորդեցին, որ հունվարի 9-ին ՝ ժամը 06:20 - ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին ՝ հրազենային վնասվածքով: Սպանության փաստի առնչությամբ ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող։ Լեյտենանտ Կարապետյանը 23 տարեկան էր ։ Նա Արագածոտնի մարզից էր ։
Իսկ արդեն ուշ երեկոյան ՀՀ ՊՆ-ից հաղորդեցին, որ հունվարի 9-ին ՝ ժամը 11:30-ի սահմաններում, մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին ՝ հրազենային վնասվածքով: Լրատվամիջոցները գրում են, որ 1994 թվականին ծնված Դանիելյանն ամուսնացած էր, երեխաներ ուներ և ինքնասպանություն է գործել՝ ընտանեկան խնդիրների ֆոնին: Այդ տեղեկատվության հաստատում կամ հերքում դեռ չկա։