Արմինֆո.Նորվեգիան լրացուցիչ 50 մլն նորվեգական կրոն կտրամադրի Արցախից փախստականներին աջակցելու համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվինդ Վադ Պետերսոնը։
"Շնորհակալություն Պարույր Հովհաննիսյանին (ՀՀ փոխարտգործնախարար - խմբ.) արդյունավետ հանդիպման համար ։ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղից փախստականներին ցուցաբերվող աջակցությունը թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ հեռանկարում վճռորոշ նշանակություն ունի: Նորվեգիան ուրախ է հայտարարել Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ - ի և ՄԱԶԾ-ի գրասենյակների միջոցով փախստականներին օգնելու համար 50 միլիոն նորվեգական կրոն նոր ներդրման մասին", - գրել է դիվանագետը։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով հերթական ագրեսիայի ակտ է ձեռնարկել Արցախի նկատմամբ, ինչի հետևանքով հարյուրավոր արցախցիներ վիրավորվել են, հաղորդվել է ավելի քան 200 զոհի մասին: Սեպտեմբերի 20-ին Արցախն ընկավ։ Այսօր Արցախն ամբողջությամբ հայաթափված է. ավելի քան 100 հազար մարդ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո ստիպված է եղել փախչել Հայաստան։ Ադրբեջանական ագրեսիայից հետո մի շարք երկրներ մարդասիրական և ֆինանսական օգնություն են ուղարկել արցախցի փախստականներին։
2020 թվականի աշնանն սկսված թշնամական ագրեսիայից հետո, որն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ դարձել են անօթևան։