Արմինֆո. Թենիսի կորտերի քանդումը, նախ և առաջ, պետական խայտառակ կառավարման հետևանք է։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Երևանի կենտրոնում թենիսի կորտերը քանդելու քաղաքապետարանի որոշմանը:
«Քաղաքապետարանի անհայտ ծագման մի աշխատակից հայտնում է, որ անհայտ ծագման մի ընկերության հետ որոշել են, որ թենիսի կորտերը քանդելու են և պատրաստվում են ներկայացնել կառավարության հաստատմանը։ Նորմալ իշխանություն ունենալու պարագայում քաղաքը կունենար գլխավոր հատակագիծ, մաստեր-պլան, հետո այդ հատվածի վերակառուցման համար կհայտարարվեր մրցույթ, հետո մասնագիտական հանձնաժողովը, հանրությունը կարծիք կհայտնեին... Եվ էլի լիքը կարևոր գործընթացներ։
Բայց Հայաստանի ու Երևանի ճակատագիրը կախված է անձնական գերակա շահ հանդիսացող կախիչից», - ամփոփել է Առաքելյանը։
Նշենք, որ նախօրեին հայտնի է դարձել ԵՊՀ դիմացի այգում թենիսի կորտը քանդելու Երևանի քաղաքապետարանի մտադրության մասին: Ինչպես հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածը կվերակառուցվի: Նրա ասելով՝ այդ տարածքն իրենից ներկայացնում է խառը կառուցապատում, և նախագիծը ենթադրում է այգու վերականգնում:
Քաղաքապետարանի այդ հայտարարությունը դժգոհություն է հարուցել հանրության շրջանում։ Քաղաքացիները վրդովված են, որ քաղաքապետարանը, աչք փակելով այգու տարածքում ապօրինի կառուցված բազմաթիվ սրճարանների և ռեստորանների վրա, նման հեշտությամբ որոշել է ոչնչացնել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող միակ մարզական կորտը, որը այդ տարածքում գործում է տասնամյակներ շարունակ: