Արմինֆո.Միջազգային դերակատարները ժամանակին անտեսել են Ադրբեջանի ռազմական հանցագործություններն Արցախում եւ հիմա միայն դրանց հետևանքներն են դիտարկում: Այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում զեկույց է հրապարակվել, որով Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար:
Այն, որ Ադրբեջանը 2020 թվականից հետո, տարբեր ուղղություններով ու դրվագով ռազմական հանցագործություններ է գործել, արդեն բոլորին է հայտնի, սակայն շատ ավելի խնդրահարույց է, որ դրանք տարբեր փուլերում անտեսվել կամ ներվել են միջազգային դերակատարների կողմից և տարբեր պատճառներով պայմանավորված հիմա միայն դրանց հետևանքներն են դիտարկվում:
Հատկանշական է, որ Ադրբեջանի քարոզչական ալիքներն այս թեմայով մեծ աղմուկ են բարձրացրել` ԱՄՆ-ին ու կոնկրետ պետքարտուղարին մեղադրելով զեկույցում տեղ գտած ձևակերպումների համար: Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե վերջին ժամանակներս արձանագրած հաջողությունների հիմքում բացառապես նախագահ Ալիևն է ու սա այն դեպքում, որ ի սկզբանե պարզ էր, որ առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության և աշխարհաքաղաքական դերակատարների լռության, իր մոտ որևէ լուրջ առաջընթաց չէր լինի:
Հայաստանի իշխանության գոյությունն արդեն իսկ Ադրբեջանի ազդեցության աճի ու շահերի ամրապնդման երաշխիք է, մնացած գործոններն էլ արդեն սրան ածանցվող են», - գրել է Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին ներառել է այն երկրների հատուկ ցուցակում, որոնք թույլ են տալիս կրոնական ազատության լուրջ խախտումներ: Դա պոտենցիալ ճանապարհ է բացում ԱՄՆ կառավարության կողմից պատժամիջոցների համար: Հրապարակելով օրինախախտների ամենամյա ցուցակը ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պահպանել է բոլոր 12 երկրները, որոնք արդեն եղել են նախորդ տարվա սև ցուցակում. Բիրմա, Չինաստան, Կուբա, ԿԺԴՀ, Էրիթրեա, Իրան, Նիկարագուա, Պակիստան, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Տաջիկստան և Թուրքմենստան:
"Բացի այդ, ես Ալժիրը, Ադրբեջանը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Կոմորյան կղզիները և Վիետնամը անվանել եմ երկրներ, որոնք թույլ են տալիս կրոնի ազատության լուրջ խախտումներ", - ասել է նա իր հայտարարության մեջ: "Կառավարությունները պետք է վերջ տան կրոնական փոքրամասնությունների համայնքների և նրանց սրբավայրերի վրա հարձակումներին, երկարատև բանտարկությանը կարծիքի խաղաղ արտահայտման համար, անդրազգային բռնաճնշումներին և կրոնական համայնքների նկատմամբ բռնության կոչերին", - հայտարարել է Բլինքենը։
ԱՄՆ-ի կրոնական ազատության մարմինը՝ USCIRF-ն, իր հայտարարության մեջ ողջունել է Ադրբեջանի ներառումը դիտարկման ցուցակում: Անցյալ ամիս USCIRF-ը հրապարակել է նոր զեկույց, որում ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը շահագրգռված չէ բարեփոխել մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի միջազգային պարտավորությունները խախտող օրենքներն ու քաղաքականությունը: Զեկույցում նաեւ մտահոգություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղում պաշտամունքային կառույցների, շիա կրոնական ակտիվիստների դեմ բռնաճնշումների եւ կառավարության կողմից համոզմունքների առնչությամբ զինվորական ծառայությունից հրաժարում կիրառելու ցանկության բացակայության առնչությամբ: