Արմինֆո. Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկ Միխայիլ Բենիմինին Հայաստանում ձերբակալվել է ներդրումների ոլոորտի «զանգերի կենտրոնների» գլոբալ խարդախ ցանցի գործով: Այդ մասին հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով, Բենիմինին, որը միաժամանակ Իսրայելի եւ Վրաստանի քաղաքացի է, ձերբակալվել է Գերմանիայի դատախազության հարցմամբ: Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է ցանցի Ալբանիայի բաժինը:
"Ռուսթավի 2"-ը չի նշում իր աղբյուրները։ Վրաստանի կամ Գերմանիայի պաշտոնական գերատեսչություններից Բենիմինիի ձերբակալության վերաբերյալ մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել:
Իսրայելում Բենիմինին անցնում է 11,5 մլն դոլարի եկամուտ թաքցնելու գործով։ Նշվում է, որ գործընկերների հետ այդ գումարը նա ստացել է «Պաշտպանիչ վահան» ֆիրմայի միջոցով՝ 2007-2009 թվականներին Վրաստանի ռազմական ոլորտին տրամադրված խորհրդատվության համար:
Գործարարի անունը հայտնվել է Թբիլիսիում և այլ քաղաքներում գրասենյակներ ունեցող միջազգային ստվերային ցանցի գործունեության վերաբերյալ BBC-ի լրագրողական հետաքննությունում: Խարդախների զոհ են դարձել եվրոպական երկրների բնակիչները, այդ թվում՝ թոշակառուներ, որոնք համաձայնել են բաժնետոմսեր ձեռք բերել և ներդրումներ կատարել կրիպտոարժույթում։ Խմբի գործունեության ընդհանուր վնասը գնահատվում է մեկ միլիարդ դոլար:
Դավիթ Կեզերաշվիլին հետաքննության ընթացքում համարվել է ցանցի կենտրոնական դեմք, թեեւ, դրա վերաբերյալ որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացվել: Հեղինակները խոսել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի հնարավոր կապերի մասին ընկերությունների եւ գործարարների հետ, որոնք սխեմայի անմիջական մասնակիցներն էին: Մասնավորապես, նշվել է, որ "Կեզերաշվիլին հաճախ գովազդել է կեղծ առեւտրային հարթակներ սոցիալական ցանցերի իր անձնական օգտահաշիվներում"։ Կեզերաշվիլին հերքում է լրագրողների մեղադրանքները։ Նա խոստացել է օգտագործել "բոլոր օրինական լծակները"՝ ապացուցելու համար իր անմեղությունը, իսկ ավելի ուշ դատի է տվել բրիտանական հեռարձակող կորպորացիային։
Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարն էր 2006-2008 թվականներին: 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական պատերազմից կարճ ժամանակ անց նա լքել է զբաղեցրած պաշտոնը և զբաղվել մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ։ ԶԼՄ-ները նրա անունը կապում էին, մասնավորապես, նավթային և տրանսպորտային բիզնեսի հետ։ 2012 թվականին "Վրացական երազանք" կուսակցության իշխանության գալուց հետո պաշտպանության նախկին նախարարի դեմ մի քանի քրեական գործ է հարուցել՝ կոռուպցիայի համար մեղադրանքով: Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մերժել են նրա արտահանձնումը Վրաստանին։