Արմինֆո. Մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի՝ զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Israelahayer.com կայքը:
«Արդյունքում այս ահաբեկիչները քարեր են սկսել շպրտել հայերի վրա: Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հայ հոգևորականներն իսկական մարտի են բռնկվել սրանց դեմ՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանները ուշացումով կհայտնվեին դեպքի վայրում: Հարձակումը կասեցվել է: 2 հայ տարվել է ոստիկանություն, թե արդյո՞ք հարձակվողները ձերբակալվել են ու պատիժ կկրեն այս պահին հայտնի չէ: Թե հարձակման արդյունքում 2 կողմից որքա՞ն տուժածներ կան, այս պահին հայտնի չէ: Սպասում ենք մեր պատրիարքարանի պաշտոնական հաղորդագրությանը», - գրել է կայքը:
Միեւնույն ժամանակ, Երուսաղեմի պատրիարքարանից հաղորդել են, որ մի քանի հոգևորական, ուսանողներ, բնիկ հայեր լուրջ վնասվածքներ են ստացել: "Սա հանցավոր պատասխան է, որը մենք ստացանք "Կովերի պարտեզի" հարցով Երուսաղեմի շրջանային դատարան հայց ներկայացնելու համար, որը դատարանը պաշտոնապես ստացել է 24 ժամ առաջ։ Հայոց Պատրիարքության գոյության սպառնալիքն այժմ ֆիզիկական իրականություն է դարձել։ Քահանաներն ու բնիկ հայերը պայքարում են իրենց կյանքի համար՝ տեղերում։ Մենք կոչ ենք անում իշխանություններին և ողջ աշխարհի միջազգային լրատվամիջոցներին օգնել մեզ փրկելու հայկական թաղամասը բռնի ավերումից, ինչին տեղական մակարդակով աջակցում են անանուն կազմակերպություններ", - հայտարարել են պատրիարքարանից։