Արմինֆո. Ցավոք, պաշտոնական Երևանը, տեղի տալով արևմտամետների հորդորներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը։ Մոսկվայի հետ ժամանակի փորձություն անցած դաշնակցային կապը փոխում է, նույնիսկ, ոչ թե Արևմուտքի որոշակի օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների հետ։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան ճշգտրող հարցի, թե ինչպես կարող են հետագայում զարգանալ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները՝ հաշվի առնելով վերջին մի քանի ամիսների ընթացքում երկխոսության մեջ առաջացած բարդությունները։
Նրա ասելով՝ ռազմավարական շրջադարձի ուղղությունն արդարացնելու համար հանրապետության բոլոր դժբախտություններում, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կորուստը, փորձում են մեղադրել Ռուսաստանին։
"Մենք բազմիցս հրապարակավ խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին. իմաստ չկա հիմա կրկին թվարկել Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը։ Հայաստանը մեզ համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում։ Համոզված ենք, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կհաղթահարվեն քաղաքական կամքի առկայության դեպքում: Հենց ռուս-հայկական կապերի կայուն և պլանաչափ զարգացումն է, որ համապատասխանում է մեր երկու պետությունների ժողովուրդների արմատական շահերին, որոնք ունեն ընդհանուր արժեքային հիմքեր և միասնական մշակութային կոդ", - ասել է Ռուսաստանի նախարարը։
Լավրովը նաև հիշեցրել է, որ Մոսկվայի և Երևանի միջև տպավորիչ տեմպերով զարգանում են առևտրատնտեսական կապերը և ճյուղային երկխոսությունը: Լավրովը փաստել է, որ դա հիմք է երկու երկրների հարաբերությունների համար, ինչպես նաև կարևորագույն օգնություն Հայաստանի տնտեսության կայունության և երկրի բնակչության բարեկեցության համար: Ռուս դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին հանրապետության ՀՆԱ-ի սրընթաց աճը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ կոոպերացիայով և Եվրասիական տնտեսական միությանը Երևանի անդամակցությամբ: Դեկտեմբերի 14-15-ը Երևանում կայացել է փոխվարչապետների համանախագահությամբ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նստաշրջանը: Նա հավելել է, որ հաջորդ տարի Հայաստանը նախագահելու է ԵԱՏՄ-ում, և այդ առումով հաջողություն է մաղթել հայ գործընկերներին:
"Այժմ Հայաստանը բախվում է մի շարք մարտահրավերների։ Ընդ որում, արևմտյան խաղացողների օգնությամբ դրանց դմակայել չի ստացվի։ ԱՄՆ-ը և ԵՄ-ը, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել հանրապետություն և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկաս։ Նրանց խնդիրը բոլորովին այլ է. դուրս մղել Մոսկվային և տարածաշրջանի մյուս խաղացողներին, լարվածության նոր օջախ ստեղծել՝ Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո։ Բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է. կատարել Երևանի, Բաքվի և Մոսկվայի բարձրագույն մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները", - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։