Արմինֆո. Ռուսաստանում վնասակար են համարում Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմակայանի գտնվելու նպատակահարմարության շուրջ դատողությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում՝ ի պատասխան Հայաստանում ռուսական ռազմակայանների հետագա գտնվելու նպատակահարմարությանը եւ ՆԱՏՕ-ի հետ հանրապետության համագործակցության հեռանկարներին գնահատական տալու խնդրանքի։
Նա հիշեցրել է, որ այնտեղ դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995թ. մարտի 16-ին, առաջին հերթին, հենվելով ազգային շահերի եւ Հարավային Կովկասում կայունության ամրապնդման երկու պետությունների ընդհանուր խնդրի վրա: "Այսօր մեր զինվորականներն այս տարածաշրջանում խաղաղության ապահովման առանցքային տարրն են", - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Երևանը զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա անդամ առանձին երկրների հետ: Նրա ասելով՝ այս տարի Հայաստանը դաշինքի հետ մի քանի տասնյակ միջոցառումների է մասնակցել։ "Շարունակում է իր զինված ուժերի արդիականացումը ՆԱՏՕ-ի չափանիշներով, հանրապետության զինվորականները վերապատրաստում են անցնում Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք պետություններում։ Դա չի կարող մեզ անհանգստություն չպատճառել։ Մենք բազմիցս հայ գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իրենց դիրքերի ամրապնդումն է, "բաժանիր և տիրիր" սխեմայով շահարկումների համար պայմանների ստեղծումը։ Հուսով եմ՝ Երևանում իրենց հաշիվ են տալիս, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի", - ամփոփել է Լավրովը։
Ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանում տեղակայված է Մոսկվայի և Երևանի միջև 1995թ.կնքված միջպետական պայմանագրի համաձայն: Ռազմակայանի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում: ՌԴ-ն և Հայաստանը 2010թ. օգոստոսի 20-ին երկարաձգել են ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը՝ մինչև 2044թ.: Արձանագրությունը նախատեսում է նաև դրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտի ընդլայնում։ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի օդային բաղադրիչը Երևանում տեղակայված "Էրեբունի" ավիաբազան է, որի անձնակազմը հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միացյալ համակարգում: