Արմինֆո. Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին չի համապատասխանում ռուս - հայկական հարաբերությունների բարեկամական բնույթին։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք դիվանագիտական ներկայացուցչությունը Երեւանի կողմից այդ քայլի ֆոնին քննարկում է ապագայում Հայաստան բարձր մակարդակով այցեր կազմակերպելու հնարավորությունը։
"Այդ հարցը դեսպանատան գծով չի քննարկվել։ Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես եւ նախկինում, այն է, որ Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին, առաջին հերթին, չի տա այն առավելությունները, որոնց մասին այստեղ խոսում են որոշ քաղաքական գործիչներ։ Մեզ համար ակնհայտ է, որ ՄՔԴ-ն իր քաղաքականացված և միջազգային իրավունքին հակասող որոշումներով իրեն ամբողջովին վարկաբեկել է ։ Բացի այդ, այս քայլը, մեր կարծիքով, չի համապատասխանում մեր երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթին, ինչի մասին մենք ասել ենք հայկական կողմին։ Նույնիսկ, ձեր կողմից այդ հարցի առաջադրման փաստն արդեն ցույց է տալիս, որ այդ որոշումը չի նպաստում ռուս - հայկական փոխգործակցության ամրապնդմանը", - ընդգծել է ռուս դիվանագետը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պլանավորում շարունակել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում՝ վերջին ամիսներին Արեւմուտքի հետ շփումները մեծացնելու Երեւանի դիրքորոշման ֆոնին, Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը վաղեմի ավանդույթ ունի եւ հիմնված է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին 2013 թվականի հունիսի 25-ի պայմանագրի վրա: "Գործնականում, կնքված բոլոր պայմանագրերը կամ արդեն կատարվել են ժամանակին և որակով, կամ գտնվում են իրականացման վերջնական փուլում։ Քննարկվում են նաեւ ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում մեր երկրների միջեւ նոր համաձայնագրեր։ Որոշ առանձին պայմանագրերի առնչությամբ, իսկապես, կան հարցեր, որոնք կապված են պետական պաշտպանական պատվերի կատարման ռուսական ձեռնարկությունների պարտավորությունների հետ, սակայն դրանք աշխատանքային պահեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի եւ Հայաստանի պրոֆիլային գերատեսչությունների երկխոսության մեջ", - ասել է դեսպանը։
Դիվանագետն անդրադարձել է նաև Հայաստանում ռուսական հեռուստաալիքների աշխատանքին։ Նրա խոսքով՝ երկու պետությունների միջև գործում է 2020 թվականի դեկտեմբերի 30-ի զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, և հենց դրա շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը անցկացրեցին երկկողմ խորհրդակցություններ: "Բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունը լսել է իր հայ գործընկերների փաստարկները և ի գիտություն ընդունել նրանց մտահոգությունները։ Կարևոր է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը համաձայնեցրել են կապի օպերատիվ ուղիների ստեղծումը՝ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ոգով հնարավոր տարաձայնությունները լուծելու համար", - ընդգծել է ՌԴ դեսպանը։