Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի այն ուսանողները, որոնք ընդգրկված չեն բուհերում ուսման սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերում, կստանան ֆինանսական աջակցություն: Որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստում։
Ինչպես պարզաբանել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարության հոկտեմբերի որոշումը վերաբերում էր այն ուսանողներին, ովքեր Արցախի բուհերից անցել են Հայաստանի բուհեր: Ընթացիկ որոշումը կվերաբերի այն ուսանողներին, որոնք նախկինում էլ սովորել են ՀՀ բուհերում և քոլեջներում, սակայն ս.թ. սեպտեմբերին բռնի ՀՀ տեղահանվելուց հետո զրկվել են ուսման վարձը վճարելու հնարավորությունից (նրանց համար նախկինում վճարել է կամ ԼՂՀ կառավարությունը, կամ ընտանիքները) ։
«Ընդհանուր առմամբ՝ 935 մարդ: Նրանցից 860-ը կրթություն են ստանում բուհերում, 75-ը՝ արհեստագործական ուսումնարաններում և քոլեջներում։ Նրանց համար 2024թ. առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումը կկազմի շուրջ 264 մլն դրամ", - հայտարարել է նախարարը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն, իր հերթին, հաղորդել է, որ այն ուսանողներին, ովքեր արդեն վճարել են ապագա կիսամյակի վճարը, այդ գումարն ամբողջությամբ կվերադարձվի: