Արմինֆո. Հայայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀՀ հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ-ի վերջերս արած հայտարարությունը:
Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի դեկտեմբերի 14-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը խիստ վտանգավոր է համարում ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածություններից հրաժարվելու փորձերը: "Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով այդ կարևորագույն փաստաթղթերից հրաժարվելու փորձերը համարում ենք չափազանց վտանգավոր, - ընդգծել Է Զախարովան: - Նման քայլն անխուսափելիորեն լուրջ ռիսկերի կհանգեցնի, առաջին հերթին՝ հենց Հայաստանի համար։ ԵՄ առաքելությանը հանրապետություն հրավիրելու համար հայկական կողմը հրաժարվել է սահմանային գոտիներում իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ մեխանիզմներից", - նշել է նա: "Այնպես որ, բարձրաստիճան ղեկավարների հիշյալ որոշումների իրագործման տեղապտույտը Երեւանի գործողությունների անհետեւողականության, այլ ոչ թե Մոսկվայի քաղաքականության անմիջական արդյունքն է, ինչպես փորձում են պնդել ոմանք", - եզրափակել է ռուս դիվանագետը:
«Ես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ: Այսինքն՝ դեռ 9-րդ կետը դնենք մի կողմ, թող մինչև 8-րդ կետը կարդան, տեսնեն, ով ի՞նչ պարտավորություն չի կատարել: Այսինքն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվի՞, այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում լինե՞ն», - ասել է Փաշինյանը:
Նա նորից ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղ գործուղվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի կայացրած որոշման հիման վրա: «Եվ Դաշնային ժողովի այդ որոշման մեջ գրված է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Ո՞ւր է հիմա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը», - հարց է տվել վարչապետը: