Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում: Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսպես ասեմ՝ Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որոնք սեղանին եղել են, դրանք ենթադրել են Լեռնային Ղարաբաղի հարցի չլուծում: Այսինքն՝ չի եղել մի թուղթ, որը ստորագրվելուց հետո համարվեր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է: Ընդ որում՝ այդպիսի մի տարբերակ եղել է միայն 1999 թ.-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի և Լեռնային Ղարաբաղի փոխանակման տարբերակն էր, որ դրանով կարելի էր համարել, որ հարցը փակվեց: Այսինքն՝ Մեղրիի շրջանը հանձնվում է Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղը միացվում է Հայաստանին: Դա միակ տարբերակն է եղել, որով կարելի էր արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծենք, մնացած որևէ տարբերակով ԼՂ հարցի լուծում չկար, չէր արձանագրվում հարցի լուծում», - ասել է Փաշինյանը:
Վարչապետի ընկալմամբ՝ դա, ինչ-որ առումով, նաև հատուկ էր արված, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը, որպես մահակ միշտ հնարավոր լինի պահել Հայաստանի Հանրապետության գլխին, գուցե, նաև` Ադրբեջանի գլխին: