Արմինֆո. Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ նիստի համաձայնեցված ժամկետներ չկան: Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով ՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը բավական երկար ժամանակ կպահանջի, քանի որ "դա բավականին բարդ գործընթաց է"։
Հարցին, թե՝ արդյոք հստակ պատկերացում կա, թե հանձնաժողովի շրջանակներում ինչ քարտերի հիման վրա են աշխատանքներ տարվելու, Գրիգորյանը պատասխանել է. <Որպես ելակետային՝ մենք ընդունում ենք 1975-1990 թվականների քարտեզները, դրանք ամենավերջին քարտեզներն են: Բայց այստեղ նաև ուզում եմ հստակեցնել, որ մենք աշխատելու ենք բացառապես տեղագրական, մասնագիտական քարտեզների հետ, նաև պետք է աշխատենք բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հետ>:
Հանձնաժողովի աշխատանքի սկզբունքը, ինչպես պարզաբանել է Գրիգորյանը, հետևյալն է. հանդիպումների ընթացքում կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր քարտեզը, կամ քարտեզի մի դրվագ, իրավական փաստաթղթեր, և այնուհետև սկսվում է մտքերի փոխանակում ներկայացված փաստաթղթերի շուրջ:
Ինչպես նշել է սահմանազատման հայկական հանձնաժողովի ղեկավարը, կողմերը պետք է համաձայնեցնեն սահմանի յուրաքանչյուր հատված, յուրաքանչյուր դրվագ: