Արմինֆո. Հայաստանի ներկայիս իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել։ Այդ մասին դեկտեմբերի 14-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Արցախի հարցը մոռացության մատնելու իշխանությունների ցանկության մասին հարցը։
Սարգսյանի ասելով՝ անձամբ իր համար անհասկանալի են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի իշխանության մարմինների կառույցները վերացնելու ՀՀ իշխանությունների մտադրությունները: <Ինչ է, նրանք կարծում են, թե հավերժ իշխանություն կլինեն: Ի դեպ, դա մեծապես կախված է նաև այն մարդկանցից, ովքեր Արցախից բռնի տեղահանվել են Հայաստան։ Եթե նրանք չցանկանան ունենալ այդ կառույցները, ապա ոչինչ հնարավոր չի լինի անել", - ասել է երրորդ նախագահը, հավելելով, որ, անգամ, Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Լեռնային Ղարաբաղի վերջին առաջնորդ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը ոչինչ չի նշանակում։ "Չի կարող լինել այնպիսի բան, որ այս կամ այն անձի հայտարարության հիման վրա վերացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը",- ասել է Սարգսյանը՝ նախընտրելով առայժմ չմեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագիծը: <Ես չգիտեմ, թե ինչ է գրված այնտեղ, ձեզանից որևէ մեկը տեղեկացվա՞ծ է այդ մասին> - հարց է ուղղել նախկին նախագահը, հավելելով, որ ինքը չի լսել իշխանության ներկայացուցիչների հստակ հայտարարություն, որ խաղաղության պայմանագրի նախագծում բացակայում են Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթները:
Սերժ Սարգսյանը նշել է, որ խաղաղության պայմանագիրը փաստաթուղթ է, որը կարող է հիմնված լինել որոշ սկզբունքների վրա, բայց այն պետք է տեսնել, կարդալ և հասկանալ: <Եթե ես չեմ տեսել այդ փաստաթուղթը, ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել այն, և դա Հայաստանի ներկայիս կառավարիչների աշխատանքի մեթոդն է: Հիշու՞մ եք, որ այս կամ այն լուրջ փաստաթուղթը մինչև 2017 թվականը ստորագրվեր գաղտնի>, - շարունակել է հարցնել Հայաստանի նախկին ղեկավարը, հավելելով, թե նման բան երբեք չի եղել։ Հայ-թուրքական հարաբերությունների մասին փաստաթղթերը հրապարակվում էին նախապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի մասին փաստաթղթերը նույնպես ներկայացվում էին հանրությանը։