Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, աշխատակարգով սահմանվում են երկու պետությունների ստեղծած սահմանազատման հանձնաժողովների հարաբերություններն ու նիստերի անցկացման և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ընթացակարգերը:
Ինչպես նշել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, փաստաթղթի հիմքում ընկած է հանձնաժողովների միջև սույն թվականի նոյեմբերի 30-ին ձեռքբերված և համաձայնեցված աշխատակարգի տեքստը, որի համաձայն աշխատակարգը պետք է հաստատվի երկու երկրների կառավարությունների կողմից։ Աշխատակարգով, մասնավորապես սահմանվում է, որ նիստերի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը որոշվում են հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ։ Նիստերը, որպես կանոն, անցկացվում են հաջորդաբար Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կամ երրորդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այն դեպքում, երբ նիստերն անցկացվում են հանձնաժողովներով ներկայացված պետություններից մեկի տարածքում, ընդունող կողմը ստեղծում է դրանց անցկացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում՝ ապահովում և երաշխավորում է բոլոր մասնակիցների անվտանգությունը։ Աշխատակարգը սահմանում է նաև այլ անհրաժեշտ կարգավորումներ:
Փոխնախարարն ընդգծել է, որ նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերի ամրագրման գործում, որի վրա հենվելով հանձնաժողովները կկազմակերպեն իրենց հետագա գործունեությունը. «Աշխատակարգի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների անդամներին հնարավորություն է ընձեռնվում նիստերի անցկացման և համատեղ աշխատանքների իրականացման միջոցով ստեղծել հիմքեր սահմանազատման և սահմանագծման գործընթացների, դրանց իրավական և տեխնիկական ասպեկտների մշակման համար, հետագայում երկու պետությունների միջև պետական սահմանի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ մշակելու և ստորագրելու նպատակով»:
Վարչապետը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվել է՝ փաստաթուղթը միայն տեխնիկակա՞ն կազմակերպչական հարցեր է կարգավորում, թե՞ նաև բովանդակային հեռանկարի է անդրադառնում: Ի պատասխան Մհեր Գրիգորյանը նշել է. «Այս պահին կազմակերպչական հարցեր, այսինքն՝ ինչպես ենք հարաբերվելու և կազմակերպելու հանդիպումները: Հաջորդ փուլում պետք է մշակենք համատեղ կանոնակարգ, որն արդեն ավելի բովանդակային կլինի, որովհետև այդ փաստաթղթով արդեն մեթոդաբանություն պետք է նկարագրենք և սահմանումներ տանք կոնկրետ, թե ինչ ենք հասկանում քարտեզ սահմանման տակ, և ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ: Կարծում եմ, որ այդ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո արդեն աշխատանքները կշարունակենք կոնկրետ փաստաթղթերով և տոպոգրաֆիկ քարտեզների քննարկման ձևաչափով»:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա, որը շատ կարևոր է