Արմինֆո.Եվրոպական միությունն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, պայմանագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն ամենամոտ ժամանակներս՝ Բրյուսելում: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք խաղաղության համաձայնագիրը կստորագրվի ուղղակիորեն կողմերի միջև, թե՝ միջազգային միջնորդների աջակցությամբ, Միշելը նշել է, որ կարևորն արդյունքն է: "Ինձ համար կարևորը արդյունքն է։ Մենք շատ սերտորեն համագործակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ ՝ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար։ Ինչպես հայտնի է, կողմերի միջև մեծ դժվարություններ են եղել ինչպես պատմական առումով, այնպես էլ միմյանց հետ հարաբերություններում։ Բայց մենք որոշակի առաջընթացի ենք հասել, և ես շատ լավատես եմ այդ հարցում։ Մենք վճռական ենք աշխատել կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ", - ասել է ԵԽ ղեկավարը ՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը գերիների փոխանակման վերաբերյալ։
Խոսելով պայմանագրի դրույթների կատարման երաշխավորի մասին՝ Միշելն ասել է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրամիությունը, հետևում է, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, քանի որ որքան Հարավային Կովկասն առաջ շարժվի անվտանգության և տնտեսական զարգացման տեսանկյունից, այնքան լավ Եվրամիության և խաղաղության համար: "Օրինակ, մենք կարծում ենք, որ էթնիկ հայերի ՝ ղարաբաղյան տարածաշրջան վերադառնալու կամ գոնե այնտեղ այցելելու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ Դա պետք է ապահովվի ազգային փոքրամասնությունների անվտանգության միջազգային չափորոշիչներին համապատասխան: Դա պետք է երաշխավորված լինի ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակներում՝ խնդիրը ներառելով Ադրբեջանի սահմանադրության մեջ ։ Մենք բանակցություններ ենք վարում և Նիկոլ Փաշինյանի, և Իլհամ Ալիևի հետ ՝ բոլոր դժվարությունները վերացնելու համար", - ընդգծել է ԵՄ խորհրդի ղեկավարը։
Անդրադառնալով խաղաղության համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին առանձին հոդված ներառելու հարցին՝ Միշելն ասել է, որ չի ցանկանում մանրամասնել, որպեսզի հարցը չբարդացնի: "Այժմ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ հարաբերությունները կարգավորելու համար։ Այդ խաղաղության համաձայնագիրը պետք է հիմնված լինի սահմանազատման վրա, ինչը կարող է լավ հիմք հանդիսանալ տարածաշրջանում տրանսպորտային կապերի բարելավման համար և դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հայերին, ապա Եվրոպական միությունն այդ հարցը պահում է ուշադրության կենտրոնում, մենք ջանքեր ենք գործադրում այդ հարցում ։ Մենք փորձում ենք համոզել ադրբեջանական կողմին բացահայտ կերպով ցույց տալ իր բարի կամքը ։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ քննարկումների արդյունքում մենք կարող ենք առաջընթաց գրանցել մի հարցում, որն առաջնահերթ է Եվրոպական միության համար", - ընդգծել է նա։
Միշելը նաև անդրադարձել է Ադրբեջանին արևմտյան պաշտոնյաների նախազգուշացումներին՝ զերծ մնալ Հայաստանի դեմ ուժ կիրառելուց: "Ներկայումս քննարկումներ են ընթանում տրանսպորտային հաղորդակցության տարբեր մոդելների վերաբերյալ, որոնք Ադրբեջանը կկապեն Նախիջևանի հետ ։ Նախագահ Ալիևը բազմիցս հստակ հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան, բայց քննարկումներ են ընթանում կոնկրետ մոդելների շուրջ: Պետք է լինի այնպիսի մոդել, որ չխախտվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը", - նշել է Միշելը ։
Հարցին, թե ինչպես նա կմեկնաբանի այն փաստը, որ վերջին ամսվա ընթացքում բանակցությունները փակուղի են մտել, և ադրբեջանական կողմը հրաժարվել է Եվրամիության և ԱՄՆ-ի միջնորդությամբ հանդիպումներից, ԵՄ ղեկավարը հիշեցրել է, որ դեկտեմբերի 11-ին կայացել է Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ: "Դա ցույց է տալիս, որ մենք մշտական կապի մեջ ենք երկու կողմերի հետ։ Առաջիկայում հանդիպում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարարի հետ ։ Մենք շատ ակտիվ ենք կուլիսներում, բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի առաջընթաց գրանցենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունն արվել է նաև այն պատճառով, որ մենք մասնակիորեն մասնակցել ենք այդ աշխատանքին, օգնել ենք նրանց այդ հարցում, որոշակի առաջարկներ և գաղափարներ ենք հայտնել հայտարարության մեջ ներառված հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումները մերձեցնելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել խաղաղության համաձայնագրի ստորագրման հետագա քայլերի ուղղությամբ", - ասել է Միշելը, հավելելով, որ ԵՄ-ն աշխատում է հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ, որոնք կարող են տեղի ունենալ Բրյուսելում: Նրա խոսքով ՝ հանդիպման արդյունքն ավելի կարևոր է, քան վայրի հարցը։ -