Արմինֆո.Ավելի քան 150 միջազգային հումանիտար գործիչներ, քաղաքական գործիչներ և գործարարներ պահանջում են ազատ արձակել Բաքվում պահվող հայ կալանավորներին:
Կոչի մեջ նշվում է, որ ինն ամիս տևած վառելիքի, դեղորայքի և պարենի մատակարարումների ապօրինի շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը արյունալի ռազմական գործողություն է սկսել և ներխուժել Լեռնային Ղարաբաղ (Արցախ): Այդ ներխուժման արդյունքը եղել են հարյուրավոր սպանվածներ, հազարավոր վիրավորներ և շուրջ 120 000 մարդու՝ Արցախի գրեթե ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը։ Համաշխարհային մեծամասնության կարծիքով ՝ դա էթնիկ զտում է։
Իրավապաշտպան կազմակերպություններն Ադրբեջանի գործողությունները որակել են ցեղասպանություն:
"Հայտնի հայ բարերար և հումանիտար գործիչ, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ապօրինի ձերբակալվել է, երբ այլ խաղաղ բնակիչների հետ ուղևորվում էր Հայաստան: Նրա ձերբակալությունն առանձնահատուկ մտահոգություն է հաաարուցում, քանի որ Արցախին միջազգային աջակցություն ներգրավելուն ուղղված նրա ջանքերը Վարդանյանին թիրախ են դարձրել Բաքվի կառավարության համար: Ռուբեն Վարդանյանը Արցախի Հանրապետության այն բնակիչներից է, ով վերջերս կալանավորվել է առանց բավարար հիմքերի, այլ միայն քաղաքական դրդապատճառներով, և ապօրինի է ձերբակալվել: Մյուսների թվում են հանրապետության երեք նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը: Անազատության մեջ շարունակում են ապօրինի պահել նաև շատ այլ հայերի։ Այդ մարդկանց առողջության և բարեկեցության մասին ծայրաստիճան սակավ տեղեկատվությունը մտահոգություն է հարուցում:
Նրանք բոլորը ձերբակալվել են ներպետական և միջազգային իրավունքի, այդ թվում ՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ, որոնց միացել է նաև Ադրբեջանը: Խորը մտահոգություն են առաջացնում այդ անձանց պահման պայմանները, այդ թվում ՝ նրանց ընտանիքների հետ նորմալ շփման, վիճակի կանոնավոր անկախ մշտադիտարկման, հյուպատոսական հասանելիության բացակայությունը,, ինչպես նաև տեղական և միջազգային փաստաբանների նրանց հասանելիության մերժումը։ Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավական ստանդարտները և մարդու իրավունքները, որոնցից կախված է խաղաղությունն ու կայունությունն ամբողջ աշխարհում:
Կալավորների կյանքի համար կարևոր է ամեն օրը: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին ցանկացած համաձայնագիր պետք է ներառի նրանց ազատ արձակման պայման։
Կոչ ենք անում նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված բոլոր անձանց", - ասված է կոչի մեջ:
Նամակին կարելի է միանալ և ստորագրել հետևյալ հղումով՝ https://freearmenianprisoners.com