Արմինֆո.Եվրամիությունն այժմ աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Այդ մասին դեկտեմբերի 11-ին ԵՄ ԱԳՆԽ նիստի ավարտին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Այդ առումով՝ նա հիշեցրել է, որ օրը սկսվել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ոչ պաշտոնական շփմամբ: "Ես տեսնում եմ, որ Հայաստանը հստակ տեսնում է մեզ հետ համագործակցության ընդլայնման օգուտները, և մենք պատրաստ ենք դրական պատասխան տալ։ Որպես այս ընդլայնվող համագործակցության առաջին քայլ՝ այսօր արտաքին գործերի խորհուրդը համաձայնել է ուժեղացնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում ՝ տեղերում մեր ներկայությունը 138 աշխատակցից հասցնելով 209-ի: Սա առաքելության թվակազմի կարևոր աճ է, և դա միջոց է Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին կայունությունը բարձրացնելու համար", - հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Ըստ Ժոզեպ Բորելի՝ ԵՄ-ում կարծում են, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա։ "Դա հնարավորություն է։ Մենք վճռական ենք շարունակելու աջակցել այդ ջանքերին ՝ միասին աշխատելով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Այն փաստը, որ մենք որոշել ենք նման կարևոր թվով ավելացնել մեր անձնակազմն այս առաքելությունում, ցույց է տալիս մեր հստակ հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայունության հարցում", - ասել է նա, հավելելով, որ դա նաև կարևոր ներդրում է խաղաղությանն ուղղված ջանքերում։
Ավելին, Բորելը Միրզոյանի հետ հանդիպումից հետո իր Թվիթերում գրել է. "Արարատ Միրզոյանի հետ մտքերի լավ փոխանակություն է տեղի ունեցել ԵՄ-Հայաստան հարաբերությունների բարելավման և Հայաստանի ժողովրդավարական ուղու հետագա ամրապնդման կոնկրետ ուղիների վերաբերյալ ։
Մենք նաեւ վերահաստատել ենք ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղ գործընթացին եւ կարգավորման գործընթացին հետագա աջակցության հանձնառությունը":
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել է ձևավորել Եվրամիության նոր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA) անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում: Հայտարարված առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսների համար հատկացվել է ավելի քան 8 մլն եվրո։ EUMA-ի նախնական մանդատը կգործի երկու տարի, իսկ նրա օպերատիվ շտաբը կգտնվի Եղեգնաձորում: Առաքելությունը սկսել է գործել փետրվարի 20-ին։