Արմինֆո.Ադրբեջանին հասցեագրված հաղորդագրության մեջ ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ալեքսանդրա Քսանթակին "մտահոգություն է հայտնել հայկական պատմամշակութային և կրոնական նշանակության վայրերի ու օբյեկտների ոչնչացման և յուրացման շարունակական պրակտիկայի, հայերի ներկայության հետքերը ջնջելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պատմության կազմակերպված վերամեկնաբանության, ինչպես նաև տարածաշրջանում հայերի նկատմամբ խտրական հայտարարությունների և հետապնդումների առնչությամբ՝ ի խախտումն մարդու իրավունքների միջազգային ստանդարտների և միջազգային մարդասիրական իրավունքի": Այդ մասին հաղորդվում է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակին առընթեր Հայաստանի մշտական ներկայացուցչության էջում։
"Ինձ հատկապես անհանգստացնում են այն պնդումները, որ մարդկանց, հուշարձանների եւ խորհրդանիշների վրա համատեղ հարձակումները, պատմական շարադրանքի կեղծումն ու տեղանունների ջնջումը, ինչպես նաեւ հայերի մասին բացասական արտահայտությունները կարող են հավասարվել մշակութային զտման", - նշել է ՄԱԿ-ի պաշտոնյան:
Ընդ որում, ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ "Միջազգային դատարանը, Եվրախորհրդարանը եւ Եվրոպայի խորհուրդը մտահոգություն են հայտնել Ադրբեջանում զարգացող գաղափարախոսության առնչությամբ, որն առաջ է մղում "կովկասյան ալբանացիների" ժառանգությունը՝ "Հայկական" մշակութային ժառանգության փոխարեն, ինչպես նաեւ հայկական մշակութային ժառանգությունն ու ներկայությունը ժխտող ռեվիզիոնիստական միտման առնչությամբ:
"Տարածաշրջանի արվեստի, ճարտարապետության և հնագիտության փորձագետների ճնշող մեծամասնությունը մերժել է ռևիզիոնիստական պնդումները՝ որպես կեղծիք", - հավելել է ՄԱԿ-ի փորձագետը:
Նա նաև ընդգծել է, որ "2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն արգելափակվել էր՝ ի խախտումն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ (կետ 6) Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների":
"Հաղորդվում է, որ ճանապարհը փակելու արդյունքում 120,000 մարդ մեկուսացվել և զրկվել էր տարբեր ապրանքներից և ծառայություններից, ինչը հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի և կործանարար հետևանքներ է ունեցել մարդու բազմաթիվ իրավունքների համար: Այսպիսով, ճգնաժամը հայերի նկատմամբ Ադրբեջանի խտրական մոտեցման ուղղակի դրսևորում է: Նշվում է, որ այն բանից հետո, երբ տարածաշրջանը մաքրվի էթնիկ հայերից, Ադրբեջանը նախատեսում է հետագայում վերացնել նաեւ հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները", - եզրափակել Է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։
ՄԱԿ-ի փորձագետի ամբողջական հաղորդագրությունը հասանելի է հետևյալ հղումով ՝ https://spcommreports.ohchr.org/TMResultsBase/DownLoadPublicCommunicationFile?gId=283 51.