Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելու նպատակով ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը հաստատելու համար։ Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, առանձին ընթացակարգով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ տրամադրելու համար կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և գործ վարելու կարգի առանձնահատկությունները։ Սահմանվել է, որ Կառավարության համապատասխան որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում՝ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Դիմումի որևէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու։
Այնուհանդերձ, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի ցանկությամբ և անկախ նրա ցանկության, երբ անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթեր, հարկ կլինի անձամբ ներկայանալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, իսկ զինվորական կենսաթոշակի դեպքում՝ նաև համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Մասնավորապես, անձամբ ներկայանալն անհրաժեշտ կլինի հաշմանդամություն ունեցող անձանց, եթե նրանց հաշմանդամության ժամկետը լրացել է և նրանք ԼՂ-ում չեն հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն կամ անցել են, սակայն կենսաթոշակ ստանալու իրավունքը ԼՂ-ում չի վերականգնվել կամ չի նշանակվել: Ընդ որում, ԼՂ-ի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքները հիմք են ընդունվում հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար, անկախ բժշկասոցիալական փորձաքննության մասին տեղեկատվական բազաներում տվյալներ լինելուց: Անձամբ ներկայանալն անհրաժեշտ կլինի նաև առկա ուսուցմամբ սովորողների համար, ում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը ԼՂ-ում դադարեցվել է 2023 թ. հուլիսի 1-ից և կարող էր վերականգնվել սեպտեմբերի 1-ից առկա ուսուցումը շարունակելու մասին տեղեկանքի հիման վրա:
Եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին ԼՂ-ում կենսաթոշակ չի նշանակվել, ապա օրենքով կենսաթոշակ նշանակելու համար սահմանված եռամսյա կամ վեցամսյա ժամկետները կկիրառվեն 2023 թ. դեկտեմբերի 11-ից, իսկ կենսաթոշակը կնշանակվի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց ոչ շուտ 2023 թ. հոկտեմբերի 1-ից: Պետական պաշտոններ (պատգամավոր, դատավոր, դատախազ և այլն) զբաղեցնելու հիմքով ԼՂ-ի կենսաթոշակառուին կարող է նշանակվել աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ՝ օրենքով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում։ ԼՂ-ում սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց ՀՀ-ում կնշանակվի ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ՝ «Պետական նպաստների մասին» օրենքի համաձայն։
Առաջարկվում է նաև ԼՂ պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողները համարել համապատասխան մարմինների զինծառայողներ, իսկ քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության ծառայողներին, համապատասխանաբար, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության ծառայողներ: ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին վերաբերող՝ որոշման դրույթները նախատեսվում է տարածել նաև ԼՂ տարածքում մարտական գործողությունների մասնակիցների վրա:
Կառավարության որոշումներով սահմանվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մայրության նպաստ վճարելու կարգի առանձնահատկությունը, հստակեցվել են փախստական ճանաչված անձանց ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները։