Արմինֆո.Տրամաբանական չէ, երբ Նիկոլ Փաշինյանին ազգային աղետ համարող որոշ ընդդիմադիր գործիչներ հրապարակավ «քար են նետում» խորհրդարանական ընդդիմության վրա։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Սրտացավ ընդդիմադիրը ոչ թե հրապարակավ պետք է մեղադրի իր խորհրդարանական գործընկերներին,այլ հանդիպի հետներն ու առաջարկի ավելի արդյունավետ գործելու ծրագիրը։
Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, թե այս ամենն արվում է ապագայում ընդամենը մանդատ ունենալու համար։ Սա է նաեւ պատճառներից մեկը,որ նիկոլիզմը դեռ գոյություն ունի։ Ո՞ր արտախորհրդարանական ընդդիմադիրի ձեռքն է բռնե՞լ խորհրդարանական ընդդիմությունը, դե գնացեք փողոցը գրավեք, ակցիա արեք, Նիկոլին հանեք… Խորհրդարանական ընդդիմությու՞նն է խանգարում։
Իսկ եթե կարծում եք ամեն ինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է անեն, դուք էլ խորհրդարանական ընդդիմությանը վարկաբեկելով «սպիտակ ձեռնոցով» գալու եք՝ բարեւ ձեզ։ Հիմա էլ արտահերթ ընտրությունների մասին են շատերը երազում։ Պատրանք է կարծել, որ ընտրություններով Հայաստանում կարող է իշխանություն փոխվել։ Երեւանի ավագանու ընտրությունը ձեզ օրինակ։ Լուծումը՝ համախմբումն է,հանրային մեծ
ճնշման ապահովումն ու խորհրդարանում նոր վարչապետի ընրությունը։ Մնացածը՝ ուտոպիա է», - նշել է Շարմազանովը։