Արմինֆո. Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) առնչվող խնդիրները պետք է բարձրացներ այդ կազմակերպության կանոնադրական կառույցների խորհուրդների նիստերում, այլ ոչ թե հրաժարվեր դրանց մասնակցությունից։ Այդ մասին ՀՀՀ քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, պատասխանելով հարցին, թե արդյոք մոսկովյան հարթակը պետք է օգտագործել հայկական պետության անվտանգության հետ կապված հարցերի շուրջ բանակցությունների համար։
Քաղաքագետը նշել է, որ այդ հարցում կարևոր է բովանդակությունը, այլ ոչ թե բուն մասնակցությունը բանակցություններին։ Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ենթադրի ակտիվ դիվերսիֆիկացում բոլոր հարթակներում, այդ թվում՝ ՀԱՊԿ հարթակում։ «Այո, խնդիրներ կան, ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը, մասնավորապես, բարեխղճորեն չեն կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները։ Շատ դեպքերում այս դիրքորոշումը հանգեցրել է բազմաթիվ հարցերի ի հայտ գալուն։ Բայց, ես կարծում եմ, որ Երեւանը պետք է հայկական պետության անվտանգության հետ կապված բոլոր խնդիրները բարձրացնի կազմակերպության կառույցների հարթակներում, այլ ոչ թե հրաժարվի դրանց մասնակցությունից>, - ընդգծել է քաղաքագետը, հավելելով, որ անհրաժեշտություն կա մեկնել Մոսկվա, որտեղ պետք է քննարկել խնդիրները՝ դիտարկելով ռուսական ուղղությունը որպես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման բաղադրիչներից մեկը:
Միևնույն ժամանակ, ինչպես կարծում է Սուրենյանցը, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, անկասկած, պետք է նվազեցնել, երկրի անվտանգության համակարգը լուրջ դիվերսիֆիկացման կարիք ունի: "Այս հարցում երկու կարծիք լինել չի կարող, բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել ՀԱՊԿ բոլոր միջոցառումներին մասնակցելուց, քանի որ դա կարող է ընկալվել որպես դեմարշ պաշտոնական Երևանի կողմից", - նշել է քաղաքագետը:
"Միանգամայն հնարավոր է, որ, նույնիսկ, ռազմավարական գործընկերն օբյեկտիվ պատճառներով կարող է չկատարել սպառազինությունների մատակարարման իր պայմանագրային պարտավորությունները, սակայն այդ դեմարշները կարող են լուրջ խնդիրների հանգեցնել, հատկապես՝ ռուս - թուրքական հարաբերությունների ակտիվացման ֆոնին։ Այդ իսկ պատճառով Երևանը պետք է մասնակցի բանակցային գործընթացներին բոլոր հարթակներում։ Առավել ևս, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանից ոչ մի տեղ չի հեռացել, և նրա հարթակը շարունակում է շատ կարևոր դեր խաղալ համաշխարհային քաղաքականության մեջ։
Քաղաքագետը նշել է, որ տեղի ունեցող գործընթացների ֆոնին Երևանում հաճախ գերագնահատվում է Արևմուտքի դերը: Ակնհայտ է, որ թե ԱՄՆ-ը, թե Եվրամիությունը և թե արևմտյան աշխարհի մյուս պետությունները չեն կարող լուծել ցանկացած հարց։ "Ելնելով գլոբալ գործընթացների զարգացումներից՝ միանշանակ կարելի է պնդել, որ Արևմուտքի դերը համաշխարհային քաղաքականության մեջ սկսում է նվազել, ընդ որում, այդ գործընթացն անխուսափելի է։ Այս ֆոնին՝ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի նկատմամբ դեմարշը ոչ մի կերպ դիվերսիֆիկացում չես անվանի, հատկապես, երբ չգիտես դրա օրակարգը, իսկ այն իմանալու համար պետք է մասնակցել դրա հարթակներում", - նշել է Սուրենյանցը։
Նա հավելել է, որ Հայաստանը պետք է հաշվի առնի և օգտագործի տարածաշրջանային երեք խաղացողների ՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև առկա տարաձայնությունները: <Նրանց միջև կա միայն մեկ չգրված կոնսենսուս. տարածաշրջանում չպետք է լինեն արևմտյան երկրներ։ Այս հանգամանքը Երևանը պետք է հաշվի առնի հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերությունները մեկ կարևոր համակարգում դիտարկելիս, քանի որ այդ հարաբերություններից է կախված Հայաստանի լինել-չլինելը», - ընդգծել է քաղաքագետը, նշելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները. ընթացիկ տարվա առաջին 10 ամիսները վկայում են այն մասին, որ Հայաստանը տնտեսապես ավելի կախյալ է դարձել Ռուսաստանի Դաշնությունից:
Նշենք, որ վերջին շրջանում Երևանը բացահայտ արհամարհանք է դրսևորում ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող տարբեր միջոցառումներին մասնակցելու նկատմամբ: Կազմակերպության գագաթնաժողովին չի մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում օրինակին հետևել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հետաքրքրական է, որ այս դեմարշները տեղի են ունենում հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների էլ ավելի ակտիվացման ֆոնին։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 13.7 մլրդ դոլար։ Հայաստանի առևտրային գործընկերների շարքում առաջատարն ավանդաբար Ռուսաստանն է, որին բաժին է ընկնում առևտրի ողջ ծավալի 34.7%-ը։ Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում երկու պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 4.2 մլրդ դոլար՝ տարեկան 56.3% աճով: