Արմինֆո. ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքել է "Ժողովուրդ " օրաթերթի այն պնդումները, թե ՀՀ քաղաքացու անձնագրերի դրոշմված բլանկների խմբաքանակում (700 հազար օրինակ) աղավաղվել է պետական զինանշանը։ Թերթը հաղորդել է, որ Հայաստանի զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, մինչդեռ, գործող անձնագրերում այն սպիտակ է: "Հրապարակումն ապատեղեկատվություն է, քանի որ ձեռք բերված անձնագրերի բլանկները համապատասխանում են տեխնիկական նկարագրի պահանջներին, ձևանմուշներն անցել են համապատասխան փորձաքննություն", - ասվում է ՆԳՆ-ի հերքման մեջ:
Ավելի վաղ թերթը հաղորդել էր, որ անորակ անձնագրերը «մեկ անձից գնման միջոցով» ձեռք են բերվել ռուսական «Պեռվի պեչատնի դվոր» ընկերությունից: Ընդ որում, դա արվել է առանց համապատասխան մրցույթի անցկացման։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը երկարաձգել է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը: ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանի ասելով, 2017 թվականին ավարտին է մոտեցել հայկական կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությամբ և սպասարկմամբ զբաղվող լեհական ընկերության հետ պայմանագրի գործողության ժամկետը: Դրանից հետո սկսվել է անձնագրային նոր և ավելի ժամանակակից պահանջների մշակումը: Դրան զուգընթաց, պարբերաբար երկարաձգվում էր հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը ։ Այժմ առաջարկվում է նոր անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ժամկետները կրկին երկարաձգել՝ մինչև նոր համակարգի ներդրումը: Ղազարյանի խոսքով ՝ ՀՀ կառավարությունը որոշել է ամբողջությամբ անցնել կենսաչափական անձնագրերի համակարգին: "Նախատեսվում է իրականացնել ավելի լայնածավալ բարեփոխումներ և կազմակերպել նոր մրցույթ, որը կնախատեսեր ինչպես Հայաստանի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին և փախստականներին փաստաթղթերի տրամադրման նոր արդիականացված համակարգի ներդրում", - ասել է Ղազարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը հաղորդել էր, որ պայմանագիրը նախատեսվում է կնքել արդեն 2024 թվականի երկրորդ կեսին։ Դրանից հետո, նրա ասելով, ողջ համակարգի ներդրումը կտևի ոչ ավելի, քան 12 ամիս: